Տնտեսություն 

Քննարկվել են էներգահամակարգերի 2018-2019թթ. աշուն-ձմեռ նախապատրաստական աշխատանքները

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 2-ին Աստանայում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 53-րդ նիստին:

Նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի բնագավառը, զարգացման հիմնական ուղղություններն ու հեռանկարները: Անդրադարձել է  Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրողականության արդյունավետության բարձրացման խնդիրներին։

Գարեգին Բաղրամյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Նիստում քննարկվել են էներգահամակարգերի 2018-2019թթ. աշուն-ձմեռ նախապատրաստական աշխատանքները, ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումները, սարքավորումների հուսալիությանը, էներգախնայողությանն ու արդյունավետությանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող մոտ 3 տասնյակ այլ հարցեր:

Խորհրդի 53-րդ նիստի ընթացքում ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նախագահ է վերընտրվել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը (3 տարի ժամկետով), որի թեկնածությունն առաջարկել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարը:

Աշխատանքային այցի շրջանակում Գարեգին Բաղրամյանն  հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի հետ:

ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 53-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչները:

Նույն շարքից