Երբեք մի ասեք. «Ես քեզ կփոխեմ մի ուրիշ երեխայի հետ, նա քեզ պես չէ, խելոք է, մաքրասեր»:
Ճիշտ է, նա կվախենա ու կենթարկվի Ձեզ այդ պահին, բայց Դուք երբեք չեք իմանա, թե որքան խորը հետք կթողնեն դրանք նրա փխրուն ներաշխարհում:
Դեռահասության տարիքում Դուք կնկատեք նրա բարդույթները, որոնք արդյունք են հենց այս խոսքերի....
Մինչև 6 տարեկան փոքրիկները հասկանում են շատ ավելի շատ, քան Ձեզ թվում է:
Նրանց ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է մայրիկի վրա: Նա Ձեր ոչ մի խոսքը բաց չի թողնում: Փոքրիկ երեխան, վիրավորվելով մայրիկից, չի կարող շրջվել ու տնից դուրս գալ: Նա չգիտի՝ ինչ պատասխանել Ձեզ, եթե Դուք ճիշտ չեք: Ձեր բարկացած ձայնը խոցում է նրա սիրտը:
Մի մոռացեք, չէ՞ որ նա Ձեր փոքրիկն է, լավագույն փոքրիկն ամբողջ աշխարհում:
Փոքրիկը, լույս աշխարհ գալով, չի գիտակցում, որ իրեն արդեն սկսել են դաստիարակել: Նա պարզապես ուտել, խմել, խաղալ, քնել և սիրված լինել է ուզում: Տարիները, իհարկե, Ձեզ մոռացնել են տվել, թե ինչպիսին էիք Դուք այդ տարիքում: Փորձենք վերադառնալ մանկություն և հասկանալ, թե որ խոսքերն են ցավ պատճառում երեխաներին և խոր հետք թողնում նրա հոգեբանության վրա: