Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել ոչ ադեկվատ ինքնագնահատականը

 

Մարդու գնահատականը իր այս կամ այն հատկությանը կարող է լինել ադեկվատ և ոչ ադեկվատ,  այսինքն մարդու պատկերացումները և վերաբերմունքը իր նկատմամբ կարող են համապատասխանել կամ չհամապատասխանել իրականությանը: Ինքնագնահատականի ոչ ադեկվատությունը կարող է մարդու համար խնդրահարույց լինել քանի որ իրեն ոչ ճիշտ գնահատելով` մարդը կարող է իրավիճակին ոչ համապատասխան ռեակցիա դրսևորել:   Ինքնագնահատականի ոչ ադեկվատության 2 հիմնական ձև կա, որոնց ասպեկտի միջև ընկած է ադեկվատ ինքնագնահատականը: Մարդը կարող է իր արտաքին, ֆիզիկական թերությունը վերագրել իր ողջ անձին, և նրա մոտ առաջանա թերարժեքության զգացում, և եթե այն ժամանակին չհաղթահարվի և չկոմպենսացվի, ապա դա կվերածվի թերարժեքության բարդույթի, և այդ դեպքում մարդը իրեն սոցիալապես ոչ ադեկվատ կզգա, նա կզգա նաև շրջապատողների բացասական վերաբերմունքը /հնարավոր է, որ դա թվացյալ լինի/ : Այս երևույթը մեծապես կխանգարի տվյալ մարդու Ես-ի նորմալ զարգացմանը, քանի որ դա ենթադրում է ինքդ քեզ չընդունելու փաստ, ինքնաժխտում, քո անձի հանդեպ բացասական վերաբերմունք: Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ միտում ունեն թաքնվելու շրջապատող մարդկանցից կամ հանդես գալու մեկ այլ, իրեն ոչ հատուկ դիմակով`  ցուցադրական <<Ես >>, ցույց չտալու համար իրենց թուլությունը: Նրանք գտնվում են մշտական վախի, ճնշվածության մեջ, իջնում է նրանց ակտիվությունը, շատ խոցելի են քննադատության և ծաղրի հանդեպ, նրանց շատ է անհանգստացնում շրջապատողների կարծիքը իրենց մասին: Այդպիսի մարդիկ շատ շուտ են հիասթափվում և հուսահատվում անհաջողությունների դեպքում և ձգտում են հեռանալ իրականությունից դեպի երազների աշխարհ: Նրանք հիվանդագին ձևով տառապում են մենակությունից:

 

Ինքնագնահատականի ոչ ադեկվատության մյուս բևեռը գերարժեքության բարդույթն է, որը դրսևորվում է սեփական անձի գերագնահատման և շրջապատողների թերագնահատման ձևով, նա միշտ հեգնանքով է վերաբերվում այլ մարդկանց, նա հաճախ կարող է կոնֆլիկտի մեջ մտնել` սեփական սխալները չընդունելու պատճառով,  ինչի արդյունքում շրջապատողները սկսում են խուսափել նրանից, ինչն ի վերջո հանգեցնում է մենակության, ինչպես և թերարժեքության բարդույթ ունեցող մարդկանց մոտ: Սակայն նրբանկատ և խորաթափանց մարդը անմիջապես կհասկանա, որ իրականում գերարժեքության բարդույթի ետևում թաքնված է թերարժեքության զգացումը, որը տվյալ անձը ոչ մի կերպ չի ուզում ընդունել և առավելևս ի ցույց դնել դա:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից