Հոգեբանի անկյուն 

Արդյոք դուք հակված ե՞ք մասնագիտական այրման

Մասնագիտական այրումն աշխատանքի, կոլեկտիվի և կազմակերպության  հետ կապված բացասական ապրումների ամբողջությունն է: Իսկ ինչպես հասկանալ մեզ մոտ սկսվել է այրում թե ոչ, կամ որքանով ենք մենք հակված դրան:

 

Առաջին,  մասնագիտական այրման ենթակա են այն աշխատակիցները, ովքեր աշխատանքի բերումով ստիպված են շատ և ինտենսիվ կերպով շփվել տարբեր մարդկանց հետ: Առաջին հերթին դրանք ղեկավարներն են, վաճառքի մենեջերները, դասախոսները, ոստիկանները, բժիշկները, սոցիալական աշխատողները և այլն: Ընդ որում՝ հատկապես արագ են այրվում այն աշխատակիցները, ովքեր ունեն ինտրովերտ բնավորություն, ում անհատական-հոգեբանական առանձնահատկությունները չեն համապատասխանում հաղորդակցական մասնագիտությունների պահանջներին: Նրանք չունեն կենսական էներգիայի ավելցուկ, բնութագրվում են համեստությամբ և ամաչկոտությամբ, հակված են կենտրոնանալու մասնագիտական գործունեության առարկայի վրա:

 

Երկրորդ, մասնագիտական այրման ենթակա են այն մարդիկ, ովքեր ունեն մշտական ներանձնային կոնֆլիկտ կապված աշխատանքի հետ:

 

Երրորդ, մասնագիտական այրման ենթակա են այն մարդիկ, ում մասնագիտական գործունեությունն ընթանում է ոչ ստաբիլ պայմաններում և նրանց մոտ առկա է աշխատանքը կորցնելու մշտական վախ:

 

Չորրորդ, այրման համախտանիշը դրսևորվում է այն ժամանակ, երբ մարդը հայտնվում է նոր միջավայրում, որում ստիպված է ցուցաբերել բարձր արդյունավետություն: Այդ երևույթից նրա մոտ գերլարվածություն է առաջանում և մասնագիտական այրման համախտանիշը կարող է առաջանալ արդեն 6-րդ ամսից:

 

Հինգերորդ, այրման համախտանիշին ենթակա են ավելի շատ մեգապոլիսների բնակիչները, ովքեր ապրում են խիտ բնակեցված միջավայրում և անխուսափելիորեն շփվում են մեծ քանակությամբ մարդկանց հետ:

 

Մասնագիտական այրման ավելի քիչ են ենթարկվում այն մարդիկ, ովքեր վարում են առողջ ապրելակերպ և գիտակցաբար հոգ են տանում իրենց ֆիզիկական վիճակի մասին, ունեն բարձր ինքնագնահատական, ինքնավստահ են, վստահ են իրենց ընդունակությունների և հնարավորությունների վրա: Ինչպես նաև այն մարդիկ, ովքեր կարողանում են հեշտորեն հաղթահարել մասնագիտական սթրեսը և ճկունություն են ցուցաբերում փոփոխվող պայմաններում: Այդպիսի մարդկանց կարելի է բնորոշել նաև շարժունությամբ, շփվողականությամբ, ինքնուրույնությամբ, դրական դիրքորոշումներ և արժեքներ ստեղծելու և պահպանելու կարողությամբ, ինչպես իր, այնպես էլ ուրիշների և առհասարակ կյանքի նկատմամբ:

 

 

 Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից