Հոգեբանի անկյուն 

Որո ՞նք են խանդի իրական պատճառները

Խանդը կարող է առաջանալ ` կապված ոչ միայն իրական դավաճանության հետ, այլև դրա մեջ կասկածելու դեպքում, այսինքն` պայմանավորված երևակայությամբ:Այն կարող է լինել կարճատև ռեակցիա կամ գոյություն ունենալ երկար ժամանակ, կարող է դառնալ բնավորության գիծ և ուղեկցել մարդուն ողջ կյանքի ընթացքում` երբեմն լինելով ավելի կենսունակ, քան հենց ինքը` սերը:

 

Արտաքուստ խանդոտի վարքը հետևյալն է. Եթե նա ուղղակիորեն հիմք չունի խանդելու, ապա փնտրում ու գտնում է այդպիսի հիմքեր: Խանդի պատճառները նրա համար միշտ իրական են, եթե անգամ դրանք ուղղակի իր սեփական մտքերն են: Սա շատ է բարդացնում հարաբերությունները: Թեև որոշ խանդոտներ սա գիտեն և փորձում են կառավարել իրենց խանդը: Շատերի մոտ խանդի ետևում թաքնված է սիրելիին կորցնելու վախը: Նրանք, ովքեր դա չեն ընդունում, նախընտրում են մեղադրել սիրելիին դավաճանության մեջ: Կախված խանդոտի բնավորությունից խանդի հետևանքով դիտվում են օտարացում կամ բարկության բռնկումներ: Մեղադրեելով զուգընկերոջը սեփական վատ զգացողությունների մեջ` խանդոտը իրեն զոհ է հռչակում և խուսափում է իրենց հարաբերությունների պահպանման  պատասխանատվությունից`  դա բարդելով դիմացինի վրա: Բացի սիրելիին կորցնելու վախից խանդի ետևում կարող է թաքնված լինել թերարժեքության զգացումը, նա միշտ մտածում է, որ բավականաչափ լավը չէ իր սիրելիի համար և իր զուգընկերը կարող է իրենից լավին գտնել, և չցանկանալով սա գիտակցել, նա սկսում է խանդի տեսարաններ սարքել և կասկածել դիմացինին անհավատարմության մեջ:  Խանդի ետևում թաքնված մյուս զգացումը սեփականատիրության զգացումն է, երբ մարդուն թվում է, թե իր զուգընկերն իրեն է պատկանում և ոչ ոք իրավունք չունի անգամ նայել նրան:

 

Համարվում է, որ կանայք տղամարդկանցից ավելի խանդոտ են: Ճիշտ է, կանայք ավելի հաճախ են իրենց խանդը դրսևորում, սակայն տղամարդկանց մոտ խանդն ավելի բարդ ու խորը ձևով է դրսևորվում: Տղամարդկանց դեպքում հետևանքներն ավելի ծանր են. Խանդը կլանում է տղամարդուն ամբողջությամբ` հաճախ մթագնելով նրա մնացած բոլոր զգացմունքները: Կարելի է ասել, որ խանդը տղամարդու աքիլեսյան գարշապարն է /թույլ տեղը/: Տղամարդը, որին կինը դավաճանել է, իրեն զգում է խայտառակված, ստորացված, ծիծաղելի և խղճուկ: Իսկ կինը, որին ամուսինը դավաճանել է, իրեն կզգա վիրավորված, , դժբախտ, սակայն իրեն երբեք չի ատի: Բացի այդ, տղամարդիկ կանանց խանդում են ինչպես ներկայի, այնպես էլ անցյալի նկատմամբ:

 

Բայց այնուամենայնիվ, բացի բացասական  հետևանքներից, այն ունի նաև դրական ազդեցություն. այն ամրապնդում է զույգերի կապը և սուր զգացողություններ է հաղորդում  հարաբերություններին, եթե իհարկե  չափավոր է:

 

Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից