Կոնֆլիկներն առաջանում են յուրաքանչյուրիս կյանքում. դրանք անխուսփելի են, սակայն հնարավոր է այնպես անել, որպեսզի դրանք ունենան դրական ելք և չխանգարեն մեզ: Իսկ ի՞նչ վարք դրսևորել, դրան հասնելու համար.
- Նախ պահպանե՛ք հանգստությունը և թույլ տվե՛ք հակառակորդին արտահայտվել: Մի՛ ընդհատեք նրան և մի՛ մեկնաբանեք նրա ասածները: Համբերատար կերպով լսե՛ք նրա ցանկությունները և պահանջները: Սրանից հետո երկու կողմերի լարվածությունը նվազում է և հարցին հնարավոր է լինում ավելի կառուցողական կերպով մոտենալ: Ապա կարելի է անցնել հաջորդ փուլին:
- Երբ հակառակորդն արդեն արտայտած լինի իր հույզերը, պատրաստ կլինի երկխոսության: Խնդրե՛ք նրան հիմնավորել իր պահանջները, միայն թույլ չտաք, որ նա կրկին վերադառնա նախկին հուզական վիճակին, դա կխանգարի ձեր արդյունավետ երկխոսությանը:
- Մեղմե՛ք մթնոլորտը, դիմացինի մոտ փորձեք դրական հույզեր առաջացնել: Եթե ձեր հակառակորդը կին է, նրան անկեղծորեն հաճոյախոսե՛ք: Կարելի է պատմել որևէ անեկդոտ կամ հիշեցնել ձեր նախկին դրական հարաբերությունների մասին:
- Մի՛ սրեք իրավիճակը` դրան բացասական գնահատականներ տալով, ավելի լավ է խոսե՛ք այդ իրավիճակի ազդեցությամբ առաջացած ձեր հույզերի մասին: Ասե՛ք, որ դուք տխրել եք կատարվածի պատճառով:
- Փորձե՛ք միահամուռ ուժերով ելք գտնել ստեղծված իրավիճակից: Խոսե՛ք և պարզաբանե՛ք, թե իրականում ինչի եք ձգտում, գուցե իրականում դուք երկուսդ էլ նույն բանին եք ձգտում, բայց ուղղակի չգիտեք այդ մասին:
- Զրույցի ժամանակ հակառակորդին թույլ տվե՛ք զգալ ձեր հարգալից վերաբերմունքը իր նկատմամբ: Կարևորե՛ք նրա կարծիքը: Իրավիճակի գնահատման ժամանակ գնահատե՛ք ոչ թե նրա անձը, այլ գործողությունները: Ձեր ընդգծված հարգանքը կմեղմի նրա ագրեսիան:
- Մի՛ խուսափեք ներողություն խնդրել, եթե դուք սխալվել եք: Սխալների ընդունումը թուլության նշան չէ, ընդհակառակը, դրան ընդունակ են միայն խելացի և հասուն մարդիկ:
- Անկախ նրանից, թե ինչպես կլուծվի կոնֆլիկտը, փորձեք պահպանել հարաբերությունները: Իրավիճակները փոփոխվում են, իսկ մարդիկ մնայուն են: Անկախ ծագած հակասություններից, ասե՛ք դիմացինին, որ հույս ունեք լավ հարաբերություններ պահպանել նրա հետ:
Հովսեփյան Սյուզաննա