- Շեղվե՛ք այն ամենից, ինչը ձեզնից շատ էներգիա է խլում կամ լարվածություն է առաջացնում: Փոխե՛ք միջավայրը, զբաղմունքը, թեկուզ կարճ ժամանակով. դա ձեզ կօգնի թարմանալ և նոր լիցքեր ստանալ:
- Փոխարինե՛ք հին սովորույթները նորերով. դա կօգնի նորովի նայել կյանքին: Օրինակ. եթե միշտ քնում եք մինչև կեսօր, ապա փոխե՛ք ձեր ռեժիմը` առավոտյան շուտ արթնացեք և զբոսնեք կամ վազեք:
- Թույլ տվե՛ք ձեզ լինել ոչ կատարյալ: Ներե՛ք ձեր բոլոր սխալները և թուլությունները, դադարե՛ք անտեղի քննադատություններով և մեղադրանքներով կեղեքել ինքներդ ձեզ: Ընդունե՛ք ձեզ ձեր թերություններով հանդերձ: Չէ՞ որ կատարյալ մարդիկ չեն լինում:
- Երբ աշխատանքային օրն ավարտվում է, փորձե՛ք այլևս չմտածել և չխոսել գործերի մասին: Գործերը թողե՛ք աշխատավայրում և փորձե՛ք վայելել ձեր հանգիստը:
- Բավական ժամանակ հատկացրե՛ք քնելուն, դա հնարավորություն կտա հանգստանալ և վերականգնել ուժերը, ինչպես նաև կնպաստի բարձր տրամադրություն ունենալուն:
- Շփվե՛ք ձեզ հարազատ մարդկաց հետ` ոչինչ այնքան չի օգնում, ինչքան մտերմիկ զրույցը, որը հնարավորություն է տալիս թոթափել կուտակված բացասական հույզերը և դրական լիցքեր է հաղորդում:
- Ձեզ երես տվե՛ք. փորձե՛ք առավելագույնս հաճույք պատճառել ինքներդ ձեզ, գնե՛ք ձեր սիրած ուտելիքը կամ հագուստը, այցելե՛ք ձեր սիրած վայրերը կամ ժամանցի կենտրոնները և ձեր օրգանիզմը վարձահատույց կլինի ձեզ:
- Թեթևացրե՛ք ձեր հոգսերը. ձեր գործերի ցանկից հանե՛ք այն գործերը, որոնք հնարավոր է անել հետո կամ առհասարակ կարելի է և չանել: Օրինակ, ինչո՞ւ աշխատանքից հետո հոգնած կանգնել գազօջախի մոտ, եթե կարելի է պիցցա պատվիրել կամ ընթրել դրսում:
- Շատ ծիծաղե՛ք և ժպտացե՛ք, բաց մի՛ թողեք ձեր տրամադրությունը բարձրացնելու և կյանքը երկարացնելու ոչ մի առիթ, դա նաև օգնում է, թեկուզ ժամանակավորապես, մոռանալ հոգսերի մասին:
- Եվ ամենակարևորը, միշտ պետք է հիշե՛լ, որ ցանկացած խնդիր լիարժեք կերպով լուծել հնարավոր է միայն դրա առաջացման պատճառը բացահայտելու միջոցով, այդ իսկ պատճառով ձեր սթրեսը իսկապես արմատախիլ անելու համար փորձե՛ք հասկանալ, թե ինչո՞ւ է այն առաջացել և ինչպե՞ս կարող եք դուք չեզոքացնել դրա առաջացման պատճառները, իսկ եթե ինքնուրույն չի ստացվում, լավ կլինի դիմել մասնագետի, որպեսզի սթրեսը չխորանա և չվերածվի խրոնիկ սթրեսի կամ դեպրեսիայի:
Հովսեփյան Սյուզաննա
Սկիզբը` http://www.analitik.am/news/view/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%9E%D5%BD-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1%D5%B0%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC-%D5%BD%D5%A9%D6%80%D5%A5%D5%BD%D5%A8.html