Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս ճիշտ օգտվել հեռախոսից

 

Ժամանակակից կյանքն անհնար է պատկերացնել առանց հեռախոսի: Դրա շնորհիվ մի քանի անգամ մեծանում է հարցերի լուծման արագությունը, վերանում նամակ գրելու, հեռագիր ուղարկելու կամ այլ վայր մեկնելու անհրաժեշտությունը:Հեռախոսով կարելի է անցկացնել բանակցություններ, տալ հանձնարարություններ, շարադրել խնդրանք, պայմանավորվել և այլն: Վաղուց է, ինչ մարդկությունը օգտվում է հեռախոսից, սակայն, հեռախոսով հաղորդակցվելու էթիկային տիրապետում են ոչ բոլորը: Միտքը բովանդակալից և հակիրճ ձևակերպել չկարողանալը բերում է խոսակցության երկարաձգման: Հեռախոսային խոսակցության ժամանակ պետք է ունենալ չափի զգացում և ճիշտ ժամանակին դուրս գալ հեռախոսային խոսակցությունից: 

Հոգեբանների կարծիքով՝ հեռախոսային խոսակցության ձգձգումը կախված է հուզականությունից: Չափից դուրս հուզականությունը նախապայմաններ է ստեղծում խոսակցական անճշտությունների: Հեռախոսային խոսակցության հագեցվածության նախանշաններն են` գործընկերոջ նկատմամբ անպատճառ դժգոհության ծագումը, խոսելաոճը, գրգռվածությունը: Հեռախոսային խոսակցութունների վարման արվեստն այն է,  որ կարճ հայտնեք այն ամենը, ինչը պետք է ակնկալվող պատասխանը ստանալու համար: Զրույցի ընթացքում անհրաժեշտ է անմիջապես հետաքրքրել զրուցակցին. դրան կարող են նպաստել ներշնչման և համոզման մեթոդները: Ձայնի բարձրությունը, երանգը, հնչերանգը ուշադիր լսողին շատ բան է ասում:

Գործընկերոջ տան հեռախոսահամարին կարելի է զանգահարել միայն լուրջ պատճառի առկայության դեպքում, կարևոր չէ ենթակա՞ է, թե՞ ղեկավար: Էթիկայի կանոնները թույլ չեն տալիս զանգահարել ժամը 22-ից հետո, եթե դրա համար չկա խիստ անհրաժեշտություն կամ նախնական պայմանավորվածություն: 

Բջջային հեռախոսը հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, առավել արագ տեղեկություններ ստանալ: Միևնույն ժամանակ դրա ոչ ճիշտ կիրառությունը կարող է խոչընդոտ հանդիսանալ, եթե այն օգտագործվում է գործնական զրույցի, հաճախորդների սպասարկման ժամանակ: Մի շարք հասարակական վայրերում խորհուրդ է տրվում բջջայինն անջատել:

 

Օգտակար խորհուրդներ


Հեռախոսային հաղորդակցության ժամանակ օգտագործե՛ք հետևյալ արտահայտությունները.

 

Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգնել:

 

Ինչո՞վ կարող եմ Ձեզ օգտակար լինել:

 

Ինչպե՞ս եք ինձ լսում:

 

Կարո՞ղ եք արդյոք կրկնել:

 

Ներեցե°ք, շատ վատ է լսվում և այլն:

 

Ձայնով ժպտացեք, զրուցակիցը դա զգում է:

Խուսափեք հետևյալ արտահայտություններից. <<պռիվետ>>, <<խոսացեք>>, <<նա արձակուդում է>>, <<մի քիչ հետո նորից զանգահարեք>>,<<դուք պարտավոր եք…>>: 

 

Եթե խոսակցությունը ձգձգվում է, հարցրեք զրուցակցին, թե արդյո՞ք ունի նա խոսակցությունը շարունակելու ժամանակ:

Ուստի հեռախոսազրույցի արդյունավետությունը պահպանելու համար նպատակահարմար է այն վարել` հաշվի առնելով զրուցակիցի անհատական առանձնահատկությունները:

Նույն շարքից