Սիրահար զույգերը Աստծո և իրենց բարեկամների առաջ եկեղեցում խոստանում են ստեղծել ամուր և կայուն ընտանիք: Սակայն տխուր իրականությունը ցույց է տալիս, որ ամուսնությունների մեծամասնությունն ավարտվում է բաժանությամբ: Ի՞նչն է պատճառը, որ երբեմնի իրար սիրող զույգերը դադարում են իրար հասկանալ: Պատճառները շատ տարբեր են, բայց փորձեմ նշել դրանցից մի քանիսը՝ միմյանց ժամանակ չհատկացնելը, ուշադրության պակասը, չկանոնակարգված կյանքը, անվստահությունը, և սրանցից առավել կարևորը՝ սեքսուալ անհամատեղությունը:
Ամուսնական կյանքում առողջ և երկարատև հարաբերություններ պահելու համար պետք է.
- Միմյանց միջև ստեղծել վստահության մթնոլորտ, ազնիվ ու առանց կեղծիքների շփում ապահովել և չստել ոչ մի պարագայում:
- Օրվա վերջում որքան էլ որ հոգնած լինեք ծանր և հոգնեցնող աշխատանքից, մի մոռացեք ժամանակ տրամադրել ձեր սիրելիին, պարզապես նստեք նրա կողքին և ինչպես հին ու բարի ժամանակներում զրուցեք իրար հետ, հետաքրքրվեք նրա առօրյայով ու գործերով:
- Հաճախ վերհիշեք այն օրերը, երբ դուք անհոգ ու երջանիկ էիք, դա ձեզ ցանկություն կտա վերադարձնել այդ օրերը և վերապրել այդ ուրախությունները: Ժամանակ առ ժամանակ այցելեք ձեր առաջին հանդիպման վայրը:
- Նրան միշտ հիշեցրեք ձեր սիրո մասին, ասեք, որ ձեր զգացմունքներում ոչինչ չի փոխվել, որ դուք առաջվա նման սիրում եք նրան: Փորձեք միշտ հետաքրքիր և անակնկալներով լի լինել, հատկապես ինտիմ ոլորտում:
- Ձեր զուգընկերոջը ամեն ինչ պատմեք ձեր անցյալի մասին, լիակատար վստահության վրա կառուցված հարաբերությունները ամուր են լինում:
Այսպես կարելի է երկար շարունակել, բայց ավելի լավ է հիշեք մի բան՝
<<Ամուսնությունը նշանակում է հրաժարվել սեփական Ես-ից և դառնալ մեկ միասնություն >>, սիրեք և հոգատար եղեք ձեր երկրորդ կեսի հանդեպ և ձեր ամուսնությունը երբեք չի կանգնի անդունդի եզրին: