Ժամանակակից կյանքում շարունակ փոփոխվող աշխատանքի բնույթը, նրա հագեցումը ինտելեկտուալ բովանդակությամբ և լարվածության աճը բերում են նրան, որ աշխատանքի հուսալիության բարձրացմանն և բարելավմանն ուղղված կարևոր խնդիրներներից են դառնում մարդու գործունեության հոգեֆիզիոլոգիական վերլուծությունը և նրա հոգեֆիզիոլոգիական վիճակների օպտիմալացումը, մասնագիտական ընտրության և մասնագիտական պիտանիությանը վերաբերվող խնդիրների լուծումը , այս կամ այն կոնկրետ գործունեության կատարման համար կարևոր անհատական հոգեֆիզիոլոգիական որակների բացահայտումը և ձևավորումը , անբարենպաստ հոգեկան վիճակների օպտիմալացումը: Մարդկության զարգացումը կապված է մասնագիտական գործունեության բնագավառում մարդկային գործոնի ազդեցության աճի հետ: Մարդու՝ որպես գործունեության սուբյեկտի ինֆորմացիոն, հոգեկան և սոցիալական ծանրաբեռնումը կազմակերպությանը և հենց գործունեության սուբյեկտին ներկայացնում են նոր պահանջներ: Այս խնդիրները գիտությունից պահանջում են անձի հոգեֆիզիոլոգիական գործոնների ուսումնասիրությունը աշխատանքային գործունեության մեջ: 20-րդ դարի երկրորդ կեսին մի շարք բնական գիտությունների և հոգեբանության սահմաններում ձևավորվել են գիտական հայեցակարգեր և ուղղություններ, այդ թվում աշխատանքի հոգեբանությունը, ինժեներական հոգեբանությունը,կառավարման հոգեբանությունը, որոնց հետազոտման օբյեկտը հանդիսանում է մարդը գործունեության մեջ: Այս հայեցակարգերի առանցքային խնդիրը հանդիսանում է անձի գործունեության հոգեֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունների ուսումնասիրումը, որոնք դրսևորվում են կոնկրետ գործունեության մեջ և մեծ ազդեցություն ունեն աշխատանքի արդյունավետության վրա, պայմանավորում են մարդու աշխատունակությունը և հուսալիությունը, նրա հոգեկան վիճակը, աշխատնքից բավարարվածությունը և հոգեֆիզիոլոգիական ռեսուրսները:
Ժամանակակից հոգեբաններին և ֆիզիոլոգներին միավորում է այն համոզմունքը, որ գործունեության մեջ հոգեկան գործընթացների ֆիզիոլոգիական ապահովումը ունի համակարգային բնույթ: Կան մի շարք տեսություններ, որոնց մեջ նկարագրվում են ֆիզիոլոգիական գործընթացների համակարգային կառուցվածքը: Այդ տեսությունների շարքին են դասվում Անոխինի ֆունկցիոնալ համակարգերի տեսությունը, Ուխտոմսկու դոմինանտության մեխանիզմների և դիրքորոշումների տեսությունը, որն արտացոլում է օրգանիզմի <>, Բերնշտեյնի ակտիվության ֆիզիոլոգիայի տեսությունը, Լուրիայի ֆունկցիաների դինամիկ լոկալիզացիան (տարածականություն), Բ.Ֆ. Լոմովի գործունեության հոգեբանական համակարգերի կառուցվածքը և այլ տեսություններ:
Որպես աշխատանքային գործունեության որակներ, Նեբիլիցինը առանձնացնում է հետևյալները. երկարաժամկետ դիմացկունություն, որի հիմքում ընկած է նյարդային համակարգի ուժը, արտակարգ իրավիճակներում առաջացած լարվածության և սթրեսի դիմացկունությունը, որը մի կողմից կարող է կապված լինել նյարդային համակարգի ուժի հետ ,իսկ մյուս կողմից՝ նյարդային գործընթացների հավասարակշռվածության հետ. արգելակայունությունը արտաքին միջավայրի գործոնների ազդեցության նկատմաբ, որը նույնպես պետք է գտնվի ուղիղ կապի մեջ հիմնական նյարդային գործընթացների ուժի հետ, անսպասելի գրգրիչների նկատմամբ հակազդումը` գրգռման և արգելակման գործընթացների հավասարակշռության ֆունկցիան, փոխարկումը, որը կապի մեջ է գտնվում նյարդային գործընթացների շարժունության հետ:
Հետազոտությունները ցույց են տվել, որ այն պայմաններում, որտեղ թույլ է արտահայտված հուզական լարվածությունը գործունեության արդյունավետությունը կարող է բարձրանալ տարբեր տիպաբանական առանձնահատկություններով օժտված անձանց մոտ, սակայն բարձր հուզական լարվածության դեպքում ավելի վաղ գործունեությունը խախտվում է թույլ նյարդային համակարգով անձանց մոտ: Ուժեղ նյարդային համակարգով օժտված մարդիկ շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն դիմակայելու ստեղծված լարված (նշանակալից, պատասխանատու) իրավիճակին: Մի շարք հետազոտություններ կատարված Ե.Պ. Իլինի աշխատակիցների կողմից հաստատել են անձի կամային հատկանիշների սերտ կապը տիպաբանական առանձնահատկությունների հետ: Ե.Պ. Իլինի կողմից ստացված նյութը ցույց տվեց, որ ուժեղ նյարդային համակարգը կամային որակների արտահայտման գործոններից մեկն է (քաջություն, վճռականություն, համբերության): Սակայն հարկ է նշել, որ, չնայած դրան, ճիշտ չէ հավասարության նշան դնելը ուժեղ նյարդային համակարգի եւ կամքի ուժի միջև, քանի որ վերջինս պայմանավորված է նաև այլ տիպաբանական առանձնահատկություններով: Մարդկանց միջև ըստ հոգեբանական բնութագրերի, անհատական տարբերությունների, կենսաբանական հիմքերը հանգամանորեն քննվել են Վ. Մ. Ռուսալովի կողմից: Այսպիսով, նյարդային համակարգի հիմնական հատկությունների համադրությունները նպաստում են մի շարք հոգեկան գործառույթների առավել արտահայտիչ դրսևորմանը , որոնց կարելի է դիտարկել գործունեության որոշ տեսակների համար կարևորություն ունեցող , նրա արդյունավետությունը և հուսալիությունը ապահովող գործոններ: Հետեւաբար, բոլոր այս նյութերը վկայում են մասնագիտական պիտանիության ձևավորման վրա նյարդային համակարգի տիպաբանական առանձնահատկությունների միջնորդավորված ազդեցություն մասին: Սակայն տվյալ եզրակացությունը կասկածի տակ են դնում այլ հետազոտողներ: Օրինակ Օ.Ա. Կոնոպկինը և Լ.Ս.Ներսեսյանը, ուսումնասիրելով գնացքաքարշերի մեքենավարների մասնագիտական հուսալիությունը, պարզել են, որ ո՛չ նյարդային համակարգի ուժեղ լինելըը, և ո՛չ էլ նրա ֆունկցիոնալ շարժունակությունը (լաբիլ վիճակը) չեն կարող առիթ հանդիանալ բարձր մասնագիտական վարպետության հասնելուն: Հեղինակները ենթադրել են, որ մասնագիտական հաջողությանը կարելի է հասնել նյարդային համակարգի հատկությունների անբարենպաստ դրսեևորումների տիպաբանական փոխհատուցմամբ:Աշխատանքների վերլուծությունները այս ոլորտում թույլ են տվել եզրակացնել, որ նյարդային համակարգի տիպաբանական հատկությունները որևէ կերպ չեն ազդում մասնագիտական պիտանիության ցուցանիշների բարձրացման վրա: Այդ դրույթը հաստատում է Տեպլովի արտահայտությունը այն մասին, որ նյարդային համակարգի բոլոր տեսակների դեպքում մարդը կարող է հասնել անհատական ձերքբերումների և հաջողությունների:
Ոսկանյան Անի