Գործարար էթիկետը վարվելակերպի համար կանոնակարգված նորմերի համակարգ է, որը կիրառվում է գործարար աշխարհում` գործարար շփումների ժամանակ: Գործարար հաղորդակցման էթիկան գործարար աշխարհում հռչակված և պաշտոնապես հայտարարված բարոյական նորմերի և օրեմքների համակարգ է, որը որոշում է մարդկանց գործարար վարքագիծն ու շփման ձևերը: Յուրացնելով համաշխարհային շուկան` ժամանակակից բիզնեսմենները պետք է իմանան, որ նրանցից միայն 10-15% է հասնում իր նպատակներին: Եվ հենց գործարար հաղորդակցության էթիկայի օրենքներին հետևելը հանդիսանում է բիզնեսում հաջողության հասնելու գրավականը, այլ կերպ ասած, դա պրոֆեսիոնալիզմի մասին է խոսում: Այստեղ կանոնների խախտումը կարող է բերել գործնական կապերի քանդելուն: Լինել բարեհամբույր և հարգալից` դեռ բավարար չէ: Գործարար էթիկայում ընդհանուր սկզբունքները ձեռք են բերում սպեցիֆիկ երանգ, որն արտահայտվում է հետևյալ հիմնական կանոններով`
- Եղե՛ք ճշտապահ, դա շատ կարևոր է ժամանակը խնայելու համար: Ոչ ճշտապահ մարդիկ սովորաբար պարտաճանաչ չեն և նրանց վրա հույս դնել չես կարող:
- Ավելորդ մի խոսե՛ք, յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է պահպանել իր կազմակերպության գաղտնիքները: Այս կանոնը վերաբերում է ձեռնարկության կամ կազմակերպության յուրաքանչյուր գործին:
- Մտածե՛ք ոչ միայն Ձեր, այլև մյուսների մասին: Անհնար է հաջող վարել գործերը` հաշվի չառնելով գործընկերների, այցելուների, գնորդների հետաքրքրություններն ու կարծիքները: Հաճախ անհաջողության պատճառ են դառնում եսասիրական ուղղվածությունը, սեփական հետաքրքրությունների վրա կենտրոնանալը, մրցակիցներին վնասելու ձգտումները: Ձգտե՛ք միշտ համբերատար լսել զրուցակցի հետ, հարգել ուրիշի կարծիքը:
- Հագնվե՛ք ինչպես հարկն է, Ձեր հագուկապը պետք է խորհրդանշի Ձեր ճաշակը:
- Խոսե՛ք և գրե՛ք կիրթ լեզվով: Ձեր ասածը պետք է գրագետ լինի: Գրագետ խոսքը ազդում է ողջ կերպարի վրա: Դրանից կարող է կախված լինել այս կամ պայմանագրի կնքումը: Գործարար մարդը պետք է տիրապետի հռետորական խոսքին: Պետք է հետևել արտասանությանը և ինտոնացիային:
Ստեփանյան Տաթևիկ