Հոգեբանի անկյուն 

Ի՞նչ է մասնագիտական ինքնորոշումը

analitik.am

Մասնագիտական կրթութունը և մասնագիտական աշխատանքը անձի կենսագործունեության կարևորագույն ոլորտներից են։ Դրանք անձին ինքնաիրականանալու հնարավորություն են տալիս։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է մասնագիտության ճիշտ ընտրությունը  և մասնագիտական ինքնորոշումը։


Մասնագիտական ինքնորոշումը սկսվում է դեռևս դեռահասության տարիքից, երբ դեռահասը պետք է մասնագիտություն ընտրի և մասնագիտական կրթություն ձեռք բերի։ Մասանագիտության ընտրության վրա կարող են ազդել մի շարք գործոններ. ծնողական դիրքորոշումներ, տաղանդի առկայություն, հետաքրքրություն մասնագիտության նկատմամբ, մասնագիտության հասարակական հեղինակությունը, սեռադերային գործոնները։ Սակայն մասնագիտության ընտրությամբ մասնագիտական ինքնորոշումը չի ավարտվում։ Մասնագիտական ինքնորոշումը իրականանում է ողջ մասնագիտական կյանքի ընթացքում . անձը ռեֆլեքսիայի է ենթարկում , վերանայում է իր մասնագիտական կեցությունը և ինքնահաստատվում է մասնագիտության մեջ։


Մասնագիտական ինքնորոշումը անհատի ընտրողական վերաբերմունքն է մասնագիտությունների աշխարհին ամբողջապես և կոնկրետ ընտրված մասնագիտությանը։ Մասնագիտական ինքնորոշման հիմքն է հանդիսանում մասնագիտության գիտակցված ընտրությունը՝ հաշվի առնելով սեփական առանձնահատկությունները և հնարավորությունները, մասնագիտական  գործունեության պահանջները և սոցիալ- տնտեսական պայմանները։ Երբ մարդկանց հարցնում են, թե նրանց համար ինչով է կարևոր իր մասնագիտությունը կամ աշխատանքը, պատասխաններ հիմնականում լինում են 2 տիպի։ Առաջին դեպքում կարևորություն է տրվում ներքին գործոններին (հետաքրքրություն, սեր մասնագիտության նկատմամբ, կոմպետենտություն) , երկրորդ դեպքում ՝ արտաքին գործոններին (աշխատավարձ, սոցիալական կարգավիճակ, աշխատատեղի և աշխատանքային գրաֆիկի հարմարավետություն): Այս երկուսն էլ կարևոր են և իրենց ուրույն տեղն ունեն, սակայն պետք է հիշել, որ նյութական գործոնները հնարավոր է փոխարինել մեկ ուրիշով կամ հարմարվել դրանց, բայց հոգեբանական գործոնները, ինչպես օրինակ սեր մասնագիտության նկատմամբ, դժվար է փոխհատուցել որևէ այլ բանով, այնպես որ, ընտրություն կատարելիս միշտ հաշվի առեք, արդյոք ձեր ընտրած մասնագիտությունը հոգեբանորեն համապատասխանում է ձեզ և արդյոք դուք սիրում եք այն թե՞ ոչ:

Նույն շարքից