Հոգեբանի անկյուն 

Հոկտեմբերին Հայաստանում հոգեկան առողջության միամսյակ է նշվում

analitik.am

Հոկտեմբերի 10-ին ողջ աշխարհը հոգեկան առողջության համաշխարհային օրն է նշելու, իսկ Հայաստանում ողջ հոկտեմբեր ամիսը հոգեկան առողջության միամսյակ է հայտարարվել: Այս մասին լրագրողներին Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի ֆինանսական քարտուղար Արմեն Սողոյանն է հայտնել:

 

Հոգեկան առողջության միամսյակի ընթացքում Հայաստանում մի շարք միջոցառումներ են իրականացվելու: Արմեն Սողոյանը դրանցից մի քանիսն է հիշատակել.

 

 

 

  • Գիտաժողով Ստեփանակերտում՝ նվիրված Ղարաբաղում հոգեկան առողջության ծառայությունների հիմնադրման 20-ամյակին;

  • Սեմինար՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար;

  • Հոգեկան եւ վարքային խանգարումներ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների» հասարակական կազմակերպության հիմնադրում;


  • Հոգեկան առողջության պահպանման եւ բարելավման ռազմավարության եւ գործողությունների պլանի ընթացքի քննարկում;

  • Հոգեկան առողջության հայկական հանդեսի 5-ամյակին նվիրված միջոցառումներ;


  • Այցելություն մարզային կազմակերպություններ;


  • Տարբեր հաղորդումներ, մամլո ասուլիսներ եւ այլն:


«Օրվա խորհուրդն այն է, որ հանրության, կառավարությունների, կազմակերպությունների եւ անհատների ուշադրությունը մեկ անգամ եւս հրավիրենք դեպի հոգեկան առողջության խնդիրները», - նկատել է Արմեն Սողոյանը:


Նա նաեւ նշել է, որ հանրության վերաբերմունքը հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հանդեպ բավականին բացասական է, ինչն անթույլատրելի է, եւ դրա դեմ քայլեր պետք է ձեռնարկել:

 

«Ծաղրական վերաբերմունքը հոգեկան խանգարումներ ունեցողների նկատմամբ ընդամենը ցույց է տալիս նման վերաբերմունք ունեցողի ցածր ինտելլեկտը», - նշել է հոգեբույժը:

 

Միամսյակի գլխավոր նպատակներից մեկը, Արմեն Սողոյանի խոսքով, այն է, որ հասարակության ցանկացած անդամ իմանա, ինչ է հոգեկան խանգարումը եւ ինչպես պետք է վարվել հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց հետ:

Նույն շարքից