Հոգեբանի անկյուն 

Եղի´ր երջանիկ

analitik.am
Ուրախություն երբեմն պարգևում են նաև մանր, աննշան իրադարձությունները:
«Մարդը ծնվել է երջանկության համար, ինչպես թռչունը` թռչելու»: Արդյո՞ք, երջանկությունը մեզ տրված է «ըստ ճակատագրի», թե՞ կարելի է սովորել լինել երջանիկ:
 

Ի՞նչ է երջանկությունը, ի՞նչն է խանգարում մարդուն լինել երջանիկ: 

 

Երջանկություն է լինել մայր, ծնող, մասնագետ դառնալ, ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ համերաշխ ընտանիք, լավ ընկերներ, տեսնել զավակների հաջողությունը, գրկել թոռանը, լսել նրա առաջին թոթովանքները, շփվել արվեստի գլուխգործոցների հետ…

 

Ճիշտ են ասում` ուզում ես երջանիկ լինել` եղիր այդպիսին: Մենք մշտապես սպասում ենք երջանկությանը և մեր առջև խնդիր ենք դնում` այ կավարտեմ ինստիտուտը…, կամուսնանամ…, երեխա կունենամ…, բնակարան կառնեմ…, նոր կահույք կունենամ…: Հիշենք, սակայն, որ երեխա ժամանակ մենք երջանիկ էինք առանց պատճառի:

 

Հոգեբանները համոզված են, որ երջանկության զգացումը մարդու հոգեկան աշխարհի վիճակն է, որի պատճառը կարող է լինել ամենատարբեր ապրումները և նույնիսկ առաջին հայացքից մանր, աննկատ իրադարձությունները: Քչերն են մտածում, որ շնչելը, քայլելը, ուղղակի ապրելն արդեն երջանկություն է: 

 

Այսօր կան ավելի կարևոր խնդիրներ, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել: Այդպես էլ ձևավորվում են «դժբախտ» մարդիկ` ոչ թե նրանք, ում համար, իրոք, երջանկության համար առիթ չկա, այլ նրանք, ովքեր ուրախությունն ուղղակի չեն նկատում:  

 

Կան իրավիճակներ` պատերազմ, բնական աղետներ, երբ մարդը կորցնում է հարազատներին, տունը, երբ նա և նրա ընտանիքը գտնվում են ծայրահեղ անմխիթար վիճակում: Դրանք, թվում է` անհամատեղելի են երջանկության հետ: Բայց, զարմանալիորեն, հենց այդ ծայրահեղ պայմաններում է մարդ հանկարծ հասկանում, թե որքան երջանիկ է եղել նախկինում, թե որքան խորն է եղել իր սերը հարազատների, սեփական օջախի նկատմամբ:

 

Հարկ է գնահատել ունեցած երջանիկությունը, ուրախանալ ամեն ապրած օրվա համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ինքդ քեզ գովես: Դա շատ կարևոր է, քանի որ մշտապես իրենից դժգոհ լինելով, մարդ չի կարող երջանիկ լինել:

 

Նույնիսկ, եթե չեք հասել կարիերիայի բարձունքներին, չունեք բազմանդամ ընտանիք, մոդել չեք, այնուամենանիվ ունեք այն, ինչի համար կարելի է ձեզ գնահատել և սիրել: Օրինակ՝ դուք հիանալի տանտիրուհի եք, ձեր պատրաստած ճաշատեսակները գնահատում են ընտանիքն ու ամուսնու ընկերները:

 

Կամ ինքներդ ձեզ հաճոյախոսություն արեք` այսօր կարողացա պահպանել սննդակարգս: Անհրաժեշտ է նաև ուրախանալ քչով: Սովորեք հաճույք ստանալ ամեն մի փոքր ուրախությունից և մի հրաժարվեք դրանից: Մեկը հաճույք է ստանում խաղատանը շահած գումարով, մեկ ուրիշը` բարձր պաշտոնով: Իսկ դու` ժամանակին տրված աշխատավարձով, ընտանիքիդ համար տոն կազմակերպելով, հեռուստացույցի առջև սիրածդ հաղորդումը դիտելով կամ ուղղակի կանաչ պուրակում զբոսնելով: Օգտվիր ցանկացած առիթից քեզ հաճույք պարգևելու համար: 

 

Հարկավոր է ապրել ներկայով: Գնահատիր պահը, հաճույք ստացիր գարնան զարթոնքից, երեխաների թոթովանքից, ժպիտներից: Նկատած կլինես, եթե տրանսպորտում մռայլ և հոգնած մարդկանց մեջ հայտնվում է մի շատախոս մանուկ, բոլորն ակամա ժպտում են, աշխատում են իրենք էլ արժանան այդ մանկան հայացքին և ժպտին:

 

Երջանկությունը մեր կողքին է, պարզապես հարկ է նկատել և բաց չթողնել: Երջանկություն կարող է պարգևել կարծրատիպերից հրաժարվելը: Նախկինում անհաջողակներ էին համարվում կարիերիայի հետևից ընկածները, ովքեր նույնիսկ ընտանիք չեն կազմել, ընկերներ չունեն:

 

Ներկայումս, կարծես թե, անհաջողակներ են բազմազավակ ընտանիքները, տնային տնտեսուհիները: Պետք չէ բոլորին «մի արշինով չափել»: Յուրաքանչյուրն անկրկնելի անհատականություն է և ապրում է միայն իր անկրկնելի կյանքով: Լսիր ինքներդ քեզ և փնտրիր քո ներդաշնակությունը: Ներդաշնակությունից մինչև երջանկություն ընդամենը մեկ քայլ է:   

Նույն շարքից