Հոգեբանի անկյուն 

Երեխայի խոսքի զարգացումը

analitik.am
Երեխաներն առաջին բառերը հիմնականում սկսում են արտաբերել կյանքի 9-18րդ ամիսների ընթացքում: Ըստ այդմ` 2-3տ. երեխաները բավականին մեծ բառապաշար են ունենում: Երեխայի խոսքի զարգացման վրա ազդում են մի շարք գործոններ:
 
Երեխաները խոսել են սովորում մեծահասակներին ընդօրինակելու միջոցով. որքան շատ հնչյուններ են արտասանվում երեխայի ներկայությամբ, այնքան ավելի արագ են նրանք խոսել սովորում: Մեզանից պահանջվում է երեխաների հետ խոսել դանդաղ, հանգիստ, սիրալիր և անընդհատ կրկնել բառերը:
 
Երեխայի կյանքի 9-րդ ամսից սկսած, երբ նա առարկաներին է նայում կամ ցույց տալիս դրանք, պետք է ավելի հաճախ հնչեցնել դրանց անունները: Երբ փոքրիկը փորձում է արտաբերել տվյալ առարկայի անունը, պետք է քաջալերել նրան` ժպտալով ու գրկելով:
 
Դա կներշնչի փոքրիկին, որ ավելի լավ է առարկայի անունը տալ, քան մատնացույց անել այն: Ընդ որում`պետք է հիշել, որ փոքրիկն ընդօրինակում է մեր խոսքը, ուստի չպետք է բառերն օգտագործել մանկական հնչողությամբ:
 
Անհրաժեշտ է նաև ուղղել փոքրիկի արտասանած յուրաքանչյուր սխալ բառը զգուշորեն, որպեսզի փոքրիկը չկորցնի մեծահասակների հետ խոսելու ցանկությունը: Կարելի է բարձրաձայն, կարծես խորհրդածելով, կրկնել նրա ասածը՝ բառերը հստակ արտասանելով: Այդպիսով երեխան կընկալի արտասանության ճիշտ  ձևը:

Նույն շարքից