Հոգեբանի անկյուն 

Առանց ինքնավստահության դժվար է հասնել ցանկալի նպատակների

analitik.am

Գոյություն ունեն այնպիսի հատկանիշներ, առանց որոնց հաջողությունն անհնար է: Այդ հատկանիշներից մեկն ինքնավստահությունն է: Ինքնավստահություն նշանակում է հավատալ, որ ունես բավականաչափ ուժ և ունակություններ՝ քո առջև ծառացած ցանկացած խնդիր լուծելու համար: Դա գիտակցումն է, որ քեզ շրջապատող մարդկանց աչքերում արժանավայել ես դիտվում: Ինքնավստահ մարդը գիտի, որ իր ցանկություններն արժանի են իրականանալու, գիտի, որ իր ունակություններն ու էներգիան բավարար են ուզածին հասնելու համար: Առանց ինքնավստահության դժվար է հասնել ցանկալի նպատակներին: Դժվար է գնալ որևէ քայլի, եթե գլխում առաջանում են այնպիսի մտքեր, ինչպիսիք են՝ «Իսկ կարո՞ղ եմ ես արդյոք դա անել: Արժանի՞ եմ ես արդյոք դրան:


Արդյոք դրված խնդիրն ավելի մեծ չէ, քան ես ինքս»: Ինչպես փորձը ցույց է տվել, այն, ինչին հասնում է մարդը, հաճախ կախված է ոչ թե նրա ունակություններից և տաղանդից, այլ ինքնավստահության ուժից: Ինքնավստահությունը տալիս է գործողությունների ազատություն, ռիսկի դիմելու և հաղթելու արիություն, սեփական անձը, կարծիքը, ապրելակերպը և հետևաբար՝ բոլոր ձեռնարկումներում հաջողությունը պաշտպանելու ուժ: Ինքնավստահ մարդն անկախ է. նա համոզված է, որ ինչպես յուրաքանչյուր մեկը, ինքը նույնպես առանձնահատուկ է: Իրոք՝ մեզնից յուրաքանչյուրը միակն է իր տեսակում, սակայն միայն նա է դա իրականում գիտակցում, ով պետք եղած ժամանակ կարող է իրեն որևիցէ մեկի քննադատությունից բարձր զգալ: Բացի այդ, ինքնավստահությունը ենթադրում է, որ Դուք կարող եք խնդրանքին մերժումով պատասխանել՝ առանց խղճի խայթ կամ եսասիրություն զգալու; ուշադրություն չդարձնել շրջապատի խորհուրդներին և հետևել սեփական համոզմունքներին՝ բացեիբաց և ազնվորեն արտահայտելով սեփական զգացմունքներն ու կարծիքները: Ինքնավստահ մարդը ենթադրում է, որ իր խոսքերն ու գործողությունները ճիշտ են, որ այն, ինչ ինքն ասաց և արեց տվյալ իրավիճակում, հենց այն էր, ինչ նա մտածում և ցանկանում էր:


Նա վստահ է իր ընտրության ճիշտ լինելու մեջ: Նման մարդկանց շրջապատողները գնահատում են շփման մեջ իրենց անմիջականության, բնականության, հումորի զգացման  և անկաշկանդության համար: Նրանց համար ավելի հեշտ է հասնել իրենց առջև դրված նշանակետին՝ ինքն իր և իր արարքների մեջ անփոփոխ վստահության շնորհիվ տրվող վճռականության, համառության, անկախության և սեփական կարծիքը պնդելու հաշվին:

Նույն շարքից