Մամուլի տեսություն 

Համազգային թատրոնը 1000 դրամանոց նվիրատվության հույսին է. որտե՞ղ է Մշակույթի նախարարը. «Առավոտ»

Համազգային թատրոնի շենքի կառուցումը մնացել է համազգային դրամահավաքի հույսին: Բայց դատելով թատրոնի շենքում տեղադրված դրամահավաք-տուփի գումարների քանակից, շենքի հիմքի փոսն էլ դրանով չի փորվի: Թատրոնի կառուցման համար տարածք է հատկացվել Երևանի Գլխավոր պողոտայի Սարյան փողոցին հարող հատվածում, նախագիծը կա, բայց գումար պետական աջակցությամբ չկա ու չկա: Այս մասին գրել է «Առավոտ»-ը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով այս թատրոնի շենքի կառուցման մասին ասել էր՝ «Հույս միշտ էլ կա, այդ հարցը մշտապես ուշադրության կենտրոնում է, սակայն կա առաջնահերթությունների խնդիր»:

Թերթը նշել է, որ հանգանակության տուփում հիմնականում 1000 դրամանոցներ են և հավելել. «Հետաքրքիր է՝ միշտ հույս ունեցող նախարարը գոնե 1000 դրամով մասնակցե՞լ է թատրոնի համազգային դրամահավաքին… Եվ եթե նախարարի հույսն այդ 1000 դրամանոցներն են, այլ ոչ թե ֆինանսավորման այլ աղբյուրները, ապա Համազգայինի շենքը 10 տարի հետո էլ չի կառուցվի»:

Նույն շարքից