Երգչուհի Եվա Ռիվասի՝ մեր ժողովրդին ու լրատվական դաշտին տրված գնահատականները, բնականաբար, պիտի հուզում ու զայրույթ առաջացնեին, պիտի շատերին հանեին նրա դեմ: Ի սկզբանե, նա չդարձավ այն երգչուհին, որին սիրեին ու գնահատեին: Պատճառները շատ էին, որոնց կենտրոնում նաև նրա «անակնկալ» հայտնությունն էր Եվրատեսիլում:
Այն ժամանակ պարզ էր, որ բոլորին անհայտ երգչուհին այդ նախագծում հայտնվել էր ոչ իր երգչական կարողությունների և շնորհների պատճառով: Նրա համար բարեխոսել էին, մեծ «ստավկա» էին արել: Ու երևի դա էլ պատճառներից մեկն էր, որ «աստղային ինքնատիպությամբ» տառապող երգչուհին չընդունվի: Հաշվի չնստելով իր և հայ հանրության միջև գոյություն ունեցող անջրպետի հետ, Եվա Ռիվասը սկսեց ինչ-որ «էքստրավագանտ» հայտարարություններ անել ու կեցվածք դրսևորել՝ գուցե այսպես կամենալով առանձնանալ, բացառիկ լինել:
Հիմա իր «բացառիկությամբ» է Ռիվասը բացատրում մեր ժողովրդին ու լրատվական դաշտին տրված գնահատականների անհրաժեշտությունը՝ իրեն Ժաննա դ՛Արկ չհամարելով, բայց նաև հռչակելով այն միակը, որը համարձակություն ունեցավ և ասաց «ճշմարտությունը»: Հիմա երգչուհին փորձել է արդարանալ, անշուշտ, իր արդարացման դրդապատճառ ընդունելով երգչուհի և պրոդյուսեր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանի զայրացած հակադարձումը:
Գիտենք, որ եթե Նադեժդա Սարգսյանը չգրեր ու չխոսեր, Եվա Ռիվասը չէր արձագանքի: Հին կռիվ կա այս երգչուհիների միջև: Հիշենք, որ Եվա Ռիվասը Եվրատեսիլ գնաց երգչուհի Էմմիի՝ Նադեժդա Սարգսյանի, դստեր փոխարեն, երբ մրցույթում իսկապես հաղթել էր Էմմին: Այդ ժամանակ Նադեժդա Սարգսյանն աղմուկ բարձրացրեց, սակայն բոլոր հարցերը լուծվել էին հօգուտ Ռիվասի: Իսկ հաջորդ տարի «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությունը մրցույթի ուղարկեց Էմմիին և կազմակերպեց նրա փառավոր տապալումը:
Գիտենք այս մասին ու տևական ժամանակ չենք բարձրաձայնել: Մեր պատվիրակությունը որոշեց պատժել Նադեժդա Սարգսյանին ու նրա դստերը՝ գուցեև կատարելով որոշ պատվերներ: Հիմա Եվա Ռիվասը «հուզվել» է հատկապես Նադեժդա Սարգսյանի գրառումից և հիշատակել ինչ-որ մեկին անձրևանոցով ծեծելու պատմությունը: Ինչպես ասում են, կանացի «բազարը» բացում է իր փակագծերն ու ի ցույց դնում մեր շոու-բազարի ողջ թշվառությունը, այն լպրծուն իրավիճակը, որը տիրում է այստեղ: Իր պատասխանը հրապարակելիս, Եվա Ռիվասը հույս ուներ, որ ճշմարտության մունետիկ է հռչակվելու, մանավանդ խոսում է այն մասին, որ ինքը նախանձ չէ:
Բայց Քիմ Քարդաշյանի մասին արած նրա գրառումն ամբողջապես չարության ու նախանձի արտահայտությունն է: Ուրեմն, հերթական անգամ սխալվել է Եվա Ռիվասը, հերթական անգամ սխալ հաշվարկ է արել: Ընդամենը պիտի հասկանար, որ Քիմ Քարդաշյանը համաշխարհային մեգա աստղ է՝ անկախ այն բանից, թե ով և ինչպես է գնահատում նրան, իսկ ինքն ու իր նմաններն ընդամենը տեղական օգտագործման «աստղիկներ» են, որոնք շատ շուտ մոռացվում են, որոնք շատ շուտ մոռացվում են: Հ.Գ. Եվա Ռիվասն իր գրության մեջ նշել է, որ ուրիշները լռում էին, իսկ ինքը չի լռել: Երբեմն լռություն կա, որ խիստ անհրաժեշտ է՝ սեփական էությունն ի ցույց չդնելու համար: