Ֆեյսբուք 

Ճաքեր «ՀՅԴ-Քոչարյան տանդեմում»

Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Օրերս ԱԺ ճեպազրույցի ժամանակ Արմեն Ռուստամյանը, երկրորդ նախագահի` սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ հնչեցրած այն մտքին, թե «ինչ տարբերություն, երկիրը որ գրասենյակից ղեկավարես` վարչապետի, թե նախագահի», պարզաբանել է, որ «Ակնհայտ է, որ այս մարդու տրամաբանության մեջ նորից ընկած է երկիրն անձով ղեկավարելու մոդելը` ոչ թե կոլեգիալ, իսկ սահմանադրական փոփոխությունը հանգեցնում է կոլեգիալ կառավարման»:



Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն, անդրադառնալով Արմեն Ռուստամյանի կողմից Ռ. Քոչարյանի հասցեին հնչեցրած մեկնաբանությանը, ընդգծել է, որ Ռուստամյանը չի կարողանում հասկանալ երկրորդ նախագահի ասածը: «Անչափ «միամիտ» է, որպեսզի դեմքի լուրջ արտահայտությամբ խոսի երկիրը կոլեգիալ կառավարելու մասին և ձևացնի, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում, սակայն ամենացավալին այն է, որ նա իրենով է չափում մյուսներին ու քաղաքական գործընթացը պրիմիտիվ մակարդակի դատողություններով վերլուծում»,- ամփոփել է Սողոմյանը:



Ակնհայտ է, որ քոչարյանական երբեմնի հենարան ՀՅԴ-ն տարաձայնություններ ունի նախկին «բոսի» հետ: ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին՝ նշանակում է, որ չնայած նախկին սերտ համագործակցությանը՝ այսօր այդ առթիվ հակասություն կա ՀՅԴ-ի ու Ռոբերտ Քոչարյանի միջև: Ռուստամյանի կողմից բացահայտ նմանատիպ ձևակերպումներով հանդես գալով` դաշնակցականները ուզում են վերջնականապես տարանջատվել Քոչարյանի ստվերից:



Ավելացնենք, որ այս գործընթացը կարելի է դիտարկել որպես փետրարի 12-ի ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի հնչեցրած հայտնի ելույթի հանգրվաններից մեկը, քանի որ այդ հայտարարությունից հետո ներքաղաքական դաշտում «պարզաջրման գործընթաց» սկսվեց, ուստի այդ գործընթացի մի դրվագը կարելի է համարել Քոչարյան-ՀՅԴ փոխհարաբերությունների «ճշգրտումը»:

Նույն շարքից