«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմը օգոստոսի 4-ին պայմանագիր է կնքել «Վեկս» ընկերության հետ, որի հիման վրա նշված ընկերությունը մինչև սեպտեմբերի սկիզբը պետք է իրականացնի Կառավարության շենքի վերանորոգման աշխատանքները: Այդ նպատակով պետբյուջեից ծախսվելու է մոտ 26 մլն դրամ:
Սակայն ուշագրավն այն է, որ ինչպես միշտ, այս անգամ ևս կառավարությունն աչքի է ընկել ճոխ պատվերներով: Օրինակ՝ գործադիրը պատվիրել է երկու դուռ՝ ՄԴՖ-ից, բարձր որակի, ներկապատված և ոսկեզօծված, որոնց արժեքը կազմում է 2 մլն 266 հազար դրամ: Պահարանները ևս լինելու են ոսկեզօծ, որոնց արժեքը 1 մլն 39 հազար դրամ է: Կառավարության շենքն առանց այդ էլ պակաս ճոխ կահավորված և նորոգված չէ: Սակայն մարդիկ, միևնույն է, ցանկանում են, որ ավելի ճոխ լինի: Սա այն դեպքում, երբ նույն այդ կառավարության գործունեության շնորհիվ, միայն պաշտոնական տվյալներով, Հայաստանում մոտ մեկ միլիոն մարդ ապրում է աղքատության պայմաններում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: