Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ-ում կազմակերպվելու են խորհրդարանական լսումներ` նվիրված նոր Սահմանադրության նախագծին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ և «Ժառանգությունը» դեռ վերջնական չեն որոշել՝ լսումներին մասնակցելու են, թե ոչ: Բայց ակնհայտ է, որ այդ խմբակցությունները բավականին բարդ իրավիճակում են հայտնվել:
«Եթե որոշեն լսումներին մասնակցել և դեմ արտահայտվել, ապա միևնույն է՝ կստացվի, որ նրանք բովանդակային քննարկման մեջ են մտնում: Իսկ բովանդակային քննարկման մեջ մտնելով՝ ընդունում են, որ Սահմանադրությունն անհրաժեշտ է փոփոխել: Եթե որոշեն չմասնակցել, ապա լսումները կանցնեն, այսպես կոչված, կոնսոլիդացիայի լույսի ներքո: Իհարկե, բոլոր այն խմբակցությունները, որոնք մասնակցել են Սերժ Սարգսյանի մոտ կազմակերպված ֆոտոսեսիային, միաժամանակ ընդդիմություն խաղալու խնդիր ունեն, ուստի ինչ-որ առարկություններ կներկայացնեն, իսկ փաստաթղթի հեղինակներն էլ կխոստանան դրանք քննարկել»,-գրել է թերթը: