Աժ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն իր «ենթակայության» պատգամավորների նկատմամբ սկսել է «պատժամիջոցներ» կիրառել։
Նա հանձնաժողովի անդամների բացակայությունները արձանագրում է ու այս մասին տեղեկացնում է ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանին, որպեսզի վերջինս հրահանգի համապատասխան օրենսդիրի աշխատավարձից պահում կատարել։ ՀՀ օրենսդրությամբ նման կարգ նախատեսված է, սակայն որպես կանոն, հանձնաժողովում այն չի կիրառվում։
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի առնչությամբ մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել է նույն հանձնաժողովի փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանին, ով հավաստիացրել է, որ իրենց հանձնաժողովում ամեն ինչ «կարգին» է։ Իսկ հանձնաժողովի նախագահի հետ կապվել չի հաջողվել։