Այն, որ Հայաստանն աստիճանաբար դառնում է ռեկորդակիր ճանապարհատրանսպորային պատահարների ոլորտում՝ անմերժելի փաստ է: Անմերժելի ու ցավ և անհանգստություն առաջացնող: Գրեթե ամեն օր մենք ստանում ենք լուրեր ողբերգական վթարների, ծանր վիրավորների, հիվանդանոց տեղափոխված մարդկանց մասին: Մերթ հետիոտներն են դառնում մեղավոր, մերթ՝ վարորդները,հիմնականում՝ վարորդները, որոնք էլ երկրի տարբեր հատվածներում գրանցում են կոպիտ ու ճակատագրական խախտումներ:
Հերթական տեղեկատվությունը սահմռկեցնող է, դաժան: Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:20-ի սահմաններում Lexus մակնիշի 11 RR 111 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 39-ամյա Արման Եդոյանը Ռուբինյանց փողոցում թիվ 20 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես նշված վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը` Ռուբինյանց փողոցի թիվ 17 շենքի բնակիչ, 53-ամյա Խորեն Մկրտչյանը, մոտ 28 մետր շպրտվել է և տեղում մահացել: Տեղի է ունեցել մի պատահար, որը դժբախտացրել է մի ընտանիք, խլել է երիտասարդ մարդու կյանք՝ այսպես նաև ողբերգությունից բաժին հանելով Արման Եդոյանին, որն ընդամենը 39 տարեկան է: Դեպքի մանրամասները դեռևս ճշտվում են, արդեն կան ենթադրություններ, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել հետիոտնի պատճառով, նա է խախտել փողոցային երթևեկության կանոնները, սակայն համացանցում փսիխոզ է բարձրացել, խախտելով անմեղության կանխավարկածը, ոմանք սկսել են մեղադրանքներ հնչեցնել քաղաքապետարանի առևտրի վարչության պետի հասցեին, անձնական վիրավորանքներ տեղալ, հաշվի առնելով նրա թանկարժեք մեքենան՝ մեղադրել թալանչիության և այլնի մեջ:
Երեկ Lexus մակնիշի ավտոմեքենայով վրաերթ էր տեղի ունեցել Ջրվեժում, ղեկին եղել էր քահանա Տեր Կյուրեղ Տալյանը, բայց շատերը պաշտպանության տակ առան հոգևորականին, սկսեցին քարկոծել բոլոր նրանց, ովքեր կարծիք էին հայտնել: Այսինքն, երկակի ստանդարտներ, անարդար մոտեցումներ:
Թե ինչ միջոցներով է ձեռք բերել Արման Եդոյանն իր թանկարժեք մեքենան, թե նրա ընտանիքն ինչ միջոցներ է տիրապետում, կարծես, հանուն բարոյականության, հիմա քննարկելիք չէ և առայժմ ոչ ոք իրավունք չունի նման խնդիրներ շոշափել: Տեղի է ունեցել ողբերգություն, որի հանգամանքները պարզվում ու ճշտվում են: Ուրեմն, բարոյական չէ քննարկումներ ծավալելը, առավել ևս՝ խախտել անմեղության կանխավարկածը: Արման Եդոյանի տեղում կարող էր հայտնվել ցանկացած ոք: Սպասենք հանգամանքների պարզմանն ու հստակմանը:
Լևոն Մութաֆյան