Ամերիկացի երգչուհի Ջենիս Ջոփլինի Porsche 356 մեքենան դեկտեմբերի 10-ին աճուրդի է դրվելու Նյու Յորքի Sotheby's աճուրդի տան կողմից, հայտնում է Ria.ru-ն:
Ջոփլինը սպիտակ Porsche-ն գնել է 1968 թվականին, ինչից հետո որոշել է, որ սպիտակը չափազանց ձանձրալի է իր համար և խնդրել է ընկերոջը «խզբզել» մեքենայի վրա: Արդյունքում՝ այն գունավոր է դարձել. հայտնվել են թիթեռնիկներ, մեդուզա, երգչուհու և նրա Big Brother and the Holding Company խմբի դիմանկարը։
«Ամեն անգամ, երբ Ջենիսը կայանում էր մեքենան, վերադառնալիս առնվազն մեկ գրություն էր գտնում երկրպագուներից»,- պատմել է երգչուհու կենսագիրը՝ նրա քույր Լորա Ջոփլինը։
Երգչուհու մահվանից հետո մեքենայի ղեկին նստել է նրա մենեջերը, իսկ վերջերս Ջոփլինի ընտանիքը որոշել է վաճառել մեքենան։