Հոգեբանի անկյուն 

Ավելորդ նվերները կարող են «վնասել» երեխային

analitik.am

Գիտնականները բացատրել են, թե Ամանորին որքան նվեր է պետք տալ երեխաներին` զգուշացնելով, որ չափից շատ ամանորյա նվերները վնասակար են:

 

Մանկական հոգեբանությունն ուսումնասիրող փորձագետները կարծում են, որ ծնողները լուրջ սխալ են թույլ տալիս` «երես տալով» երեխաներին և Սուրբ ծննդյան ու Ամանորին շատ նվերներ անելով:

 

«Շատ երեխաներ ստանում են տասից ավելի նվերներ, ինչը նաև սնանկացնում է ծնողներին: Մասամբ դա պայմանավորված է նրանով, որ մենք ապրում ենք սպառողական հասարակության մեջ, մասամբ էլ  նրանով, որ որոշ ծնողներ, ովքեր հնարավորություն չունեն երկար ժամանակ անցկացնելու իրենց զավակների հետ, ստիպված նվերների միջոցով են փորձում լրացնել այդ բացը: Այսպիսով, նրանք հույս ունեն, որ նվերների առատությունը կլուծի ցանկացած հարց, ինչը սխալ է»,- նշում է Բարսելոնի համալսարանի էվոլյուցիոն հոգեբանության պրոֆեսոր Քրիստինա Ռամիրեզը:

 

Նրա խոսքով՝ թեև երեխաներն ուրախանում և հուզվում են անթիվ նվերներ տեսնելիս, բայց ավելորդ նվերները կարող են նաև «վնասել» նրանց. «Շատ նվերներ ստանալով` երեխան նույնիսկ չի հասցնում զմայլվել դրանցով: Փոքրիկները շփոթմունքի մեջ են ընկնում և դրանց գեղեցկությունը գնահատելու նույնիսկ ժամանակ չեն գտնում, ուր մնաց թե խաղան: Նրանք միանգամից ստանում են այն ամենը, ինչ երազել են մինչ այդ, և զարմանալի չէ, որ երեխաները ժամանակից շուտ հիասթափվում են կյանքի պարգևած բարիքներից»,- զգուշացնում է հոգեբանը և հավելում, որ երեխաներին ամենաճիշտը երեք նվեր տալն է:

 

Ըստ գիտնականների, ծնողները առաջին հերթին պետք է կարևորեն երեխայի «առողջ միտքը», և այն փոքրիկները, ովքեր ստանում են տասը կամ ավելի նվեր, նրանց մոտ առաջանում է «հագեցում» ամեն ինչի հանդեպ: Երբեմն փոքրիկ երեխաները բաց են անում նվերների փաթեթները, բայց չեն խաղում, նրանց այլևս չի հետաքրքրում չորրորդ, հինգերորդ և դրանից ավելի նվերները:

 

Բացի այդ, փորձագետները խորհուրդ են տալիս ծնողներին, որ իրենք ընտրեն այն իրը կամ խաղալիքը, որը պատրաստվում են նվիրել երեխաներին, այլ ոչ թե կատարեն վերջիններիս «պատվերներ-հրամանները», որովհետև անակնկալ նվերը բոլոր դեպքերում ամենամեծ ուրախությունն է նրանց համար:

 

Ինչպես պարզվում է` ամանորյա նվերները կարող են նաև կարևոր դեր խաղալ երեխաների հետագա դաստիարակության գործում: Եվ ինչպես մասնագետներն են պնդում, եթե նրանք շատ բան են խնդրում, բայց ստանում են ոչ բոլորը, ապա իրենց, նաև հետագա կյանքի համար՝  բացահայտում են մի պարզ, բայց կարևոր ճշմարտություն՝ չի կարելի ունենալ այն ամենը, ինչ ուզում ես:

Նույն շարքից