Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անկեղծ եմ ասում, նման հայտարարություն կարող է անել միայն հզոր, սեփական ուժերին, իր անձնվեր զինվորներին հավատացող բանակը, միայն այն պաշտպանության նախարարը, որը չի վախենում ոչնչից, որը համարձակ է ու քաջ.
«Հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»:
Այս հայտարարությունը վկայում է, որ Սեյրան Օհանյանն ու նրա գլխավորած բանակը իսկական երկրապահներ են, երկիր պահող, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացմամբ:
Մենք 4 հայ զինվոր ենք կորցրել, ունենք 16 վիրավոր, բայց այսքանից հետո էլ մեր բանակը չի վհատվել, չի թուլացրել ծնկները և պատրաստ է վճռական քայլերի: Այս հայտարարությունը նաև ապացուցում է, որ Սեյրան Օհանյանը լավ է գիտակցել այն դիվանագիտական վակուումի գոյությունը, որը ձևավորվել է մեր ձախողված դիվանագիտության և արտաքին գործերի նախարարի բացակա ներկայության պատճառով:
Ուրեմն, պաշտպանության նախարարը գործում է ճիշտ այնպես, ինչպես գործել է Նժդեհը, ինչպես գործել են մեր մյուս քաջ զորահրամանատարները: Երբ հայրենիքը վտանգի մեջ է, զորահրամանատարն է դառնում դիվանագետ ու պաշտպան: