Տնտեսություն 

2019 թվականի ծրագրային բյուջետավորմամբ պայմանավորված 11 ծրագիր է նախատեսվել՝ 41 միջոցառմամբ. Էդուարդ Աղաջանյան

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Գևորգ Կոստանյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի նախագիծը:

Համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված իշխանության պետական և դատական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվելիք եկամուտները և ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է բյուջետային փաստաթղթի կազմման հիմնական առանձնահատկություններին՝ հարկաբյուջետային կանոնների բազմություն, ծրագրային ձևաչափով բյուջեի ներկայացում, արտաբյուջետային շրջանառությունների արտացոլում ծրագրերում: Այս շարքում նա նշել է նաև կառավարման համակարգում ընթացող զարգացումները, մասնավորապես կառուցվածքային փոփոխությունները, նույն կառուցվածքի փոփոխության շրջանակում կառավարման մարմինների ղեկավար կազմի և աշխատակիցների հարաբերակցության, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների վերանայումը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարման ապարատում նախատեսվում է պարգևատրման ֆոնդի ստեղծում:

Այնուհետև ոլորտների պատասխանատուներն անդրադարձել են իրենց բնագավառներում պետական բյուջեի հատկացումներին և հաջորդ տարի իրականացվելիք ծրագրերին:

Մասնավորապես ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ 2019 թվականի ծրագրային բյուջետավորմամբ պայմանավորված 11 ծրագիր է նախատեսվել՝ 41 միջոցառմամբ. դրանց իրականացման համար նախատեսվել է 20 մլրդ 697 մլն դրամ: Նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի կազմում, հանրային իրազեկման միջոցառումների իրականացում, դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգում: Կիրականացվի ինստիտուցիոնալ ներկա խնդիրների և գործելակերպի համապատասխանության գնահատում: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Տարածքային զարգացման հիմնադրամի շրջանակում ՀՀ տարածքում ջրագծերի, առողջապահության, կրթության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների վերականգնման և շինարարական աշխատանքներին վերաբերող ծրագիրը, անդրադարձել տեսչական մարմինների գործունեությանը:

Նույն շարքից