Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ես, գուցե, անգամ դրվատանքով կվերաբերվեի ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հասցեին պարոն Սարգսյանի կողմից հնչեցված կշտամբանքներին,եթե դրանց նախորդած լինեին ստեղծված իրավիճակի կանխմանն ուղղված հայկական կողմի գործադրած առարկայական ջանքերը: Անշուշտ ՀԱՊԿ-ը չի կարելի համեմատել ՆԱՏՕ-ի հետ՝ որոշումների կայացման հստակ մեխանիզմներ ունենալու տեսանկյունից, բայց, այդուհանդերձ, անգամ ՀԱՊԿ-ի պարագայում պետք է որ գոյություն ունենան որոշումների նախապատրաստման ու կայացման աշխատող ընթացակարգեր: Ես երբևէ չեմ լսել, որ ՀԱՊԿ-ում իր գործունեության շրջանակներում հայկական կողմը շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մի որևէ որոշման նախագիծ պատրաստած ու դրած լինի շրջանառության մեջ, ուր տրված կլիներ ՀՀ պաշտոնական դիրքորոշումը և ներկայացվեին ՀԱՊԿ անդամ այլ պետություններից ունեցած մեր ակնկալիքները: Սա այն մասին, թե ինչ պետք է վաղուց արված լիներ, բայց չի արվել: Կարծում եմ, որ վատ չէր լինի, եթե անհետևանք կշտամբանքներ հնչեցնելու փոխարեն հայկական պատվիրակությունը պնդեր, որ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը ՀԱՊԿ-ի գործադիր քարտուղարի պաշտոնում պետք է տեղի ունենա անկախ ամեն ինչից: Իսկ այսպես՝ ստացվեց, որ ոչ ՀԱՊԿ-ն է իրենից մի լուրջ բան ներկայացնում, ոչ էլ Հայաստանի պահվածքն է մեր երկրի համար առարկայորեն օգտակար միտումներ պարունակում: