Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սաուդյան Արաբիայում երեկ գլխատման միջոցով մահապատժի ենթարկեցին չորս շիաների, որոնց թվում էր հայտնի հոգևորական, շեյխ Նիմր Բաղիր ալ-Նիմրը, ով Արաբական թերակղզու շիաների թերևս ամենանշանավոր առաջնորդն էր:
Առավել զավեշտալին այն էր, որ «ալ-Կաիդայի» ահաբեկչների հետ միևնույն շարքում և ահաբեկչության մեղադրանքով գլխատված շիայական շեյխը իրականում գլխավորում էր Սաուդյան Արաբիայի և Բահրեյնի շիաների իրավունքների համար պայքարող շարժումը` իր հետևորդներին կոչ անելով օգտագործել ոչ թե բռնությունը, այլ խոսքի ուժը:
Ըստ էության, Ռիադն այս սադրիչ քայլով գլխատեց հենց այն փխրուն ստատուս քվոն, որը չնայած շիա-սուննի հակամարտության զանազան դրսևորումների, դեռևս առկա էր Մերձավոր Արևելքում՝ սկիզբ դնելով նոր ապակայունացման, ինչի հետևանքները կարող են արյունալի բախումների ուղղակի կործանարար նոր դուռ բացել առանց այն էլ կրոնական հողի վրա ծվեն-ծվեն եղած ողջ Մերձավոր Արևելքում:
Ուշագրավ է, որ բռնի մեթոդներով շիայական շարժումները ճնշելու գործում անցյալ տարեվերջին Նարդարանում աչքի ընկավ նաև Բաքվի բռնապետի վարչակարգը, ինչի համատեքստում ամենևին չի կարելի բացառել, որ այն օժանդակություն է ստանում նաև տարածաշրջանի հակաշիայական և հակաիրանական հենց այն ուժերից, որոնց գործողություններն ակնհայտորեն ուղղված են Թեհրանի դեմ: