Ֆեյսբուք 

Ինչպես են պահպանվում քաղաքների հին կենտրոնները

Եվրոպայում... Թերևս իրոք որ սովորելու շատ բան ունենք եվրոպական երկրներից` թե ինչպես է պետք պահպանել և սերունդներին փոխանցել քաղաքների պատմական կենտրոնները: Այդ առումով ներկայացնենք դրվագներ` Դրեզդեն և Վրոցլավ քաղաքների ոչ այնքան հեռավոր պատմությունից` թե ինչպես վերականցնվեցին այդ ավերված քաղաքները 2-րդ համաշխարհային պատերազմից հետո:

Միջնադարյան Գերմանիայի ճարտարապետության զարդը` Դրեզդենը մեծապես տուժեց անգլո-ամերիկյան օդուժի ռմբակոծություններից` քաղաքը հիմնահատակ ավերվել էր: Պատերազմից հետո Արևելյան Գերմանիայի կառավարության կողմից կայացվեց աննախադեպ որոշում` նույն տեղում ամբողջությամբ վերականգնել քաղաքը իր նախապատերազմական տեսքով: Նախապես բոլոր պատմական շենքերի ավերակները քար առ քար հաշվառվեցին և մաս-մաս տեղափոխվեցին համապատասխան վայր՝ քաղաքից դուրս: Այն, ինչ մնաց տեղում` ուղղակի հարթեցվեց, և այդ նոր շինարարական հրապարակի վրա, արդեն փոստացի զրոյից, փուլ առ փուլ նույնությամբ վերականգնվեցին քաղաքի նախկին փողոցներն ու շենքերը: Դրեզդենի վերականգնումը տևեց 40 տարի, շենքերի բացակայող հատվածները փոխարինվեցին նորերով` ավելի բաց գույնով: Այժմ Դրեզդենը իր ուշ միջնադարի անկրկնելի ճարտարապետությամբ` Եվրոպայի ամենահաճախելի զբոսաշրջային քաղաքներից է համարվում:

Դրամատիկ զարգացում ունեցավ Գերմանիայի պատմական մեկ այլ հանրահայտ քաղաքի, Սիլեզիա նահանգի վարչական կենտրոն Բրեսլաուի (ներկայումս` Վրոցլավ) ճակատագիրը` որը նույնպես հայտնի էր իր բացառիկ միջնադարյան ճարտարապետությամբ: 1945-ին, սովետական զորքերի դեպի Գերմանիայի խորքը առաջխաղացման ընթացքում՝ Բրեսլաուն հայտնվեց շրջափակման մեջ, բայց քաղաքը չհանձնվեց: Փետրվարից մինչև մայիս ամիսը Բրեսլաուի մատույցներում ընթանում էին կատաղի մարտեր՝ երկկողմանի զոհերը հասնում էին տասնյակ հազարների: Բրեսլաուն, որը պատմագրության մեջ իրավմամբ անվանվեց «երկրորդ Ստալինգրադ», սովետական զորքերի հրետանու և օդուժի մշտական ռմբակոծության տակ էր` սակայն գերմանական քաղաքի պաշտպանները այդպես էլ անձնատուր չեղան: Բրեսլաուի պաշտպանները հանձնեցին քաղաքը միայն մայիսի 6-ին, երբ 2-րդ աշխարհամարտը Գերմանիայի համար փաստացի արդեն ավարտված էր: Քաղաքը ամբողջությամբ ավերվել էր, նրա պաշտպանները մարտերի ընթացքում անգամ անհավանական կերպով հասցրել էին մաքրել քաղաքի կենտրոնի մի հատվածը` գերմանական ինքնաթիռների համար թռիչքուղի պատրաստելու համար:

Պոտսդամի հաշտության կոնֆերանսի որոշումներով Գերմանիայի Սիլեզիա մարզը և նրա վարչական կենտրոն Բրեսլաուն տրվեցին Լեհաստանին: Բրեսլաուն վերանվանվեց Վրոցլավ, բոլոր բնակիչները (գերմանացիները) տեղահանվեցին Գերմանիա, իսկ քաղաքում բնակեցվեցին Լվովից ներգաղթած լեհեր: Բայց դրանով պատմությունը չէր ավարտվում, և քաղաքային նոր իշխանությունները` լեհերը որոշեցին ամբողջական տեսքով վերականգնել քաղաքի պատմական կենտրոնը: Այդ մեծածավալ ծրագիրը ֆինանսավորվեց նաև նախկին Բրեսլաուի գերմանական հայրենակցական միության կողմից: Տասնամյակներ տևած լեհ-գերմանական մասնագետների համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունքում ներկայումս Վրոցլավը (նկարում) դասվում է եվրոպական այն գրավիչ քաղաքների շարքին, որտեղ ամբողջությամբ պահպանած է քաղաքի պատմական կենտրոնը: Ի դեպ, Դրեզդենի, Վրոցլավի, Պրահայի, Կրակովի և այլ հանրահայտ պատմական քաղաքների կենտրոնների բոլոր շինությունները ոչ թե աննպատակ կառուցապատումներ են, այլ միանգամայն գործող և լիարժեք կերպով հարմարեցված՝ որպես մշակութային և զբոսաշրջային կենտրոններ:

Նույն շարքից