Բիզնես Մամուլի տեսություն 

Հայ արտադրողներին արգելվում է Ռուսաստան արտահանել կենդանիների միս և կաթնամթերք. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ Ռուսաստանն իր շուկան փակեց թուրքական ապրանքների համար, Հայաստանի գործարար աշխարհում հույսեր առաջացան, որ այդ փոփոխությունը կարող է նպաստավոր լինել հայ արտադրողների համար: Ենթադրվում էր, որ ստեղծված իրավիճակը առավել նպաստավոր կլինի հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար, առավել ևս, որ Հայաստանը մեկ տարուց ավել հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Սակայն երեկ տարածված լուրը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական ապրանքը Ռուսաստան արտահանելու հարցում ոչ մի գործոն էական չէ:

Միակ որոշիչ հանգամանքը տվյալ երկրի իշխանությունների ցանկությունն է, որը հայկական ապրանքների համար, որպես կանոն, այդքան էլ բարենպաստ չէ, չնայած մեր երկու երկրները դաշնակիցներ են համարվում, և նույնիսկ միևնույն միության անդամ ենք հանդիսանում: Բանն այն է, որ երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզոր»-ը, հունվարի 20-ից ժամանակավոր սահմանափակել է Հայաստանից գյուղմթերքների ներմուծումը ՌԴ:

Հայ արտադրողներին արգելվում է Ռուսաստան արտահանել կենդանիների միս և կաթնամթերք: Ռուսական կողմը իր որոշումը պատճառաբանել է դաբաղ տեսակի հիվանդության հետ կապված Հայաստանում առկա «անկայուն» վիճակը: Միևնույն ժամանակ ռուսական կողմը տեղեկացրել է, որ Հայաստանի համար իրենք դաբաղի դեմ պատվաստանյութ են արտադրել: Այլ կերպ ասած՝ որպեսզի հայկական ապրանքը կարողանան Ռուսաստանում վաճառել, մեր երկրի ֆերմերները պետք է սկսեն ռուսական պատվաստանյութ օգտագործել, այլ կերպ ասած՝ ռուսները անձնական ոչինչ չունեն հայկական ապրանքի դեմ, ուղղակի բիզնես է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից