Հոգեբանի անկյուն 

Ինչպե՞ս ազատվել հոգնածությունից

analitik.am

Հաճախ մենք բոլորս էլ մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հոգնում ենք: Դա կարող է լինել օրվա վերջում կամ դա կարող է երկար ժամանակ մնալ աննկատ, բայց մի օր զարթնենք և տեսնենք, որ մեզ մոտ արդեն գերհոգնած վիճակ է և մենք այլևս չենք կարողանում աշխատել նույն առույգությամբ և թարմությամբ, ինչպես նախկինում: 

 

Այն, որ հաճախ մենք ֆիզիկական ծանր աշխատանք չենք կատարում, բայց հոգնում ենք, դա փաստ է: Օրինակ, շատ գրասենյակային աշխատողներ օրվա վերջում իրենց զգում են այնպես հոգնած, թուլացած և հյուծված, որ կարծես ամբողջ օրվա ընթացքում իրենց ուսերին բեռ են կրել: Բայց չէ՞ որ նրանք ամբողջ օրը նստած են եղել:

Նման դեպքերում հոգնածության պատճառները մտավոր են: Բայց պատճառն այն չի, որ մարդը հոգնում է մտածելուց: Օրինակ, հիշեք ձեզ: Երբ դուք մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ ինչ-որ գործ եք անում, ապա կարող են անցնել ժամեր և դուք ոչ մի հոգնածություն էլ չզգաք, նույնիսկ եթե ձեր աշխատանքը շատ ծանրաբեռնված է: Կամ, եթե ինչ-որ հոգնածություն էլ զգաք, ապա դա կլինի այն հաճելի, թեթև հոգնածությունը, որն օրինակ զգում ես մարզասրահում մարզվելուց հետո: Բայց ընդհանուր առմամբ` դու չես կորցնում քո առույգությունն ու կյանքի ռիթմը:

Իսկ հոգնածության պատճառը ոչ թե մտածելն է, այլ հոգեկան ապրումները: Եթե օրվա ընթացքում դուք ինչ-որ մեկի հետ վիճում եք, ապա այդ մտածմունքներից և արդյունքում առաջացած սթրեսից դուք կարող եք հոգնել: Եթե դուք երկար ժամանակ անելու ոչինչ չեք գտնում, ապա այդ ձանձրույթից և անօգտակար լինելու զգացումից դուք կարող եք հոգնել: Եթե ձեզ վիրավորել են կամ ինչ-որ կարևոր բանի եք պատրաստվում, ապա այդ վիրավորվածությունից և անհանգստությունից դուք կարող եք հոգնել: Հիշեք, հոգնածություն առաջացնում է ոչ թե մտավոր աշխատանքը, այլ ձեր ապրումները: Եթե ձեր առօրյայում դուք փորձեք քիչ ապրումներ ունենալ, ամեն ինչին շատ լուրջ չմոտենալ, աշխատանքը հաճույքով անել, ընթացքում լիցքաթափվել, ապա օրվա վերջում կլինեք նույնքան առույգ, որքան օրվա սկզբում: Իսկ եթե տարվա մեջ մեկ-երկու անգամ մեկնեք հանգստանալու, և ընթացքում էլ հանգստյան օրերին հաճախ լիցքաթափվեք, ապա դուք երբեք էլ չեք հոգնի:


Իսկ դրանով դուք հոգ կտանեք ձեր առողջության մասին, քանի որ պարբերաբար հոգնածությունից, սթրեսներից և դեպրեսիոն վիճակներից մարդու մոտ տարբեր հիվանդություններ կարող են առաջ գալ և առաջին հերթին` կապված նյարդային համակարգի հետ: Որպեսզի խուսափեք դրանից, թեթև ապրեք և այն, ինչ անում եք, արեք հաճույքով, ինչ էլ որ դա լինի: Օրվա ընթացքում փորձեք չլարվել, ամեն ինչի մեջ խաղ տեսեք, նույնիսկ շատ լուրջ գործերի: Ուրախ եղեք, վատ բաների մասին մի մտածեք, խնդիրների վրա մի կենտրոնացեք, միաժամանակ մի փորձեք մի քանի բան անել և դուք երբեք էլ չեք հոգնի:


Նույն շարքից