Հոգեբանի անկյուն 

10 պարզ ճշմարտություն, որոնք խելացի մարդիկ երբեմն մոռանում են

analitik.am

Երբեմն խելացի մարդիկ դժվարանում են հաջողության հասնել, որովհետև մոռանում են շատ կարևոր ճշմարտություններ, որոնք միասին կարևոր նշանակություն ունեն մեր ընդհանուր զարգացման ու առաջխաղացման համար: Եկեք միասին տեսնենք, թե որոնք են դրանք և փորձենք չմոռանալ ու կիրառել.

1. Կրթությունն ու գիտելիքները ոչինչ են, եթե դրանք գործնականում չեն օգտագործվում:

Կարևոր չէ, որ ձեր IQ-ն ամենաբարձրն է, կամ այն, որ քվանտային ֆիզիկայի ոլորտում դոկտորական աստիճան ունեք: Դուք ոչինչ չեք փոխի և ոչ մի էական հաջողության չեք հասնի, եթե ձեր գիտելիքները չօգտագործեք գործնականում: Հսկայական տարբերություն կա իմանալու, թե ինչպես է պետք անել և բուն գործողությունը կատարելու միջև: Կրթությունն ու գիտելիքները ոչինչ չարժեն, եթե դրանք չօգտագործվեն: Այնպես որ, անցե՛ք գործի` օգտագործե՛ք այն, ինչ գիտեք, նախաձեռնող եղե՛ք: 

2. Երջանկությունն ու հաջողությունը երկու տարբեր երևույթներ են: 

Մինչ շատերը մտածում են, թե եթե հաջողակ ես, հետևաբար նաև երջանիկ ես, պետք է նշել, որ իրականում սրանք այնքան էլ կապ չունեն միմյանց հետ: Ես մի կին գիտեմ, որը բավականին հաջողակ է իր կարիերայում: Բոլորը հիանում են նրա աշխատանքով ու հաջողություններով, սակայն միայն մտերիմներն են տեղյակ, որ չնայած իր հաջողություններին` նա այնքան էլ երջանիկ չի զգում իրեն: Նա միայն մտերիմների հետ է կիսվում այն մասին, որ հոգնած ու միայնակ է զգում և որ իր անձնական կյանքի համար ժամանակ գրեթե չի գտնում: Այո՛, կարելի է հաջողակ լինել, բայց ոչ երջանիկ:
Երջանկությունը և հաջողությունը տարբեր երևույթներ են, և դրանք պետք է առանձին դիտարկել, որպեսզի երբևէ մեկը մյուսին չխանգարի ձեր կյանքում:

3. Յուրաքանչյուրն աշխատում է ինքն իր համար:

Այո՛, իրականում ամեն օր դուք աշխատում եք ինքներդ ձեզ համար:
Կարևոր չէ` ինչպես եք վաստակում ձեր ապրուստը կամ ում համար եք աշխատում, հիշե՛ք` դուք աշխատում եք միայն ձեզ համար, ու հենց դուք եք կառավարում ձեր աշխատանքը: Դուք ամեն օր «վաճառում» եք ձեր կյանքի որոշակի ժամանակը ինչ-որ գնով (օր`. աշխատավարձի չափը) ինչ-որ «հաճախորդների» (օր`. աշխատատուին):
Այնպես որ, ինքներդ ձեզ հարցրե՛ք, թե ինչպես եք օգտագործում ձեր այդքան թանկ ժամանակը և ինչպես եք օգուտ քաղում ձեր ծախսած ժամանակից: Պատասխանը փոքր-ինչ տարբեր կլինի յուրաքանչյուրիս համար, սակայն կարևոր է, որ գիտակցենք` ինչքանով ենք մեր ռեսուրսները արդյունավետ ու ճիշտ օգտագործում` առանց դրանք վատնելու:

4. Ընտրության բազմաթիվ հնարավորությունները խանգարում են որոշում կայացնել:

Այսօր` 21-րդ դարում, երբ տեղեկատվության հոսքը ընթանում է լույսի արագությամբ, և նորարարությունների հնարավորությունների բազմազանությունը անվերջանալի է թվում, մենք առատ ըտրության հնարավորություն ունենք` որոշելու, թե ինչպես ենք ուզում դասավորել մեր կյանքն ու կարիերան: Սակայն հաճախ ընտրության այս բազմազանությունը հանգեցնում է որոշումներ կայացնելու անկարողությանը, խառնաշփոթության, որի արդյունքում մենք չենք կարողանում քայլեր ձեռնարկել:
Տարբեր բիզնես-մարքեթինգային հետազոտությունները ցույց են տվել, որ ինչքան շատ ընտրության հնարավորություն է լինում, այնքան ավելի քիչ բան են կարողանում գնել հաճախորդները: Այո՛, իսկապես ավելի հեշտ է, օրինակ, երեք հնարավոր տարբերակներից ընտրություն կատարել, քան 300-ից: Եթե ընտրություն անելը դժվարանում է, շատերն ուղղակի հանձնվում են, հրաժարվում են որևէ ընտրություն անելուց:
Այնպես որ, եթե հայտնվել եք մի իրավիճակում, երբ բազմակի հնարավորություններ կան, և չեք կարողանում կողմորոշվել, մի՛ փորձեք ամեն տարբերակը մանրամասնորեն կշռադատել ու գնահատել մինչև որոշում կայացնելը: Այդպես ուղղակի վատնում եք ձեր ժամանակը: Ընտրե՛ք այն տարբերակը, որը, կարծում եք, ավելի ճիշտ կլինի, ու փորձե՛ք: Եթե ձախողվի առաջին տարբերակը, մյուսին անցե՛ք: Ի վերջո, ինչքան էլ շատ կշռադատեք, երբեք չեք իմանա` ինչպես կավարտվի նախաձեռնած գործը, մինչև չսկսեք: Այնպես որ, ժամանակ մի՛ վատնեք:

5. Բոլոր մարդիկ էլ հավասարապես թե՛ հաջողությունների են հասնում, թե՛ ձախողումներ ունենում:

Մի՛ փորձեք լինել կատարյալ, դուք վատնում եք թե՛ ձեր ժամանակը, թե՛ ձեր էներգիան, քանի որ ոչ ոք չի կարող հասնել կատարելության: Նույնիսկ հայտնի մարդիկ, որոնց երբեմն կարող եք որպես օրինակ ընդունել` երաժիշտներ, գրողներ, բիզնեսմեններ և նույնիսկ մեր ծնողները, բոլորն էլ իրենց կյանքում թե՛ հաջողությունների են հասել և թե՛ ձախողումներ ունեցել: 
Մենք հիմնականում հաջողությունների ենք հասնում այն ոլորտում, որի համար ավելի շատ ժամանակ ենք ծախսում, ավելի շատ աշխատում ու նվիրվում: Դուք կարող եք ինչ-որ ոլորտում հաջողության հասնել ձեր սիրած աշխատանքի միջոցով, սակայն մեկ այլ ոլորտում հնարավոր է այնքան էլ հաջողակ չլինեք: Օրինակ` կարիերայում հաջողակ մարդը կարող է վատ ամուսին կամ կին լինել: 
Նաև հիշե՛ք, որ հաջողությունների միանգամից չեն հասնում:

6. Ամեն գործած սխալը առաջընթաց է:

Սխալները միշտ կարևոր դաս են լինում մեզ համար: Ամեն անգամ սխալվելիս դուք մեկ քայլով մոտենում եք ձեր նպատակին: Միակ սխալը, որ կարող եք գործել, և որը ձեզ իսկապես կվնասի, դա ոչինչ չանելն է միայն այն պատճառով, որ դուք վախենում եք սխալվելուց:
Մի՛ կասկածեք, հավատացե՛ք ինքներդ ձեզ: Կյանքում կարևոր է ոչ թե հնարավորություններ ունենալը, այլ հնարավորություններից օգտվելը: Երբեք չեք կարող 100% համոզված լինել, որ ձեռնարկած գործը հաջողությամբ կպսակվի, բայց կարող եք 100% համոզված լինել, որ եթե ոչինչ չձեռնարկեք, ոչ մի արդյունքի չեք հասնի:
Համարձակ եղե՛ք, ի վերջո, կա՛մ հաջողության կհասնեք, կա՛մ ինչ-որ բան կսովորեք: Առաջ շարժվե՛ք, որպեսզի հաջողությունների հասնեք, այլապես հավերժ կմնաք նույն կետում` առանց ձեռքբերումների ու առաջընթացի:

7. Մարդիկ կարող են հասնել հաջողությունների, նույնիսկ եթե չեն սիրում իրենց զբաղմունքը:

Իհարկե, սա չի նշանակում, որ դուք պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն, որը չեք սիրում: Ուղղակի շատերն են նշում, որ եթե ուզում եք հաջողությունների հասնել, ապա պետք է ընտրեք այնպիսի մասնագիտություն կամ զբաղմունք, որը սիրում եք: Սակայն ինքս բազմաթիվ օրինակներ գիտեմ, երբ մարդիկ այնքան էլ չեն սիրում իրենց մասնագիտությունը, սակայն հաջողությունների են հասել տվյալ ոլորտում, որովհետև նրանք իրենց գործի մասնագետներն են: Ընկերներիցս մեկը, օրինակ, հաշվապահ է, նա նշում է, որ իր աշխատանքը ձանձրալի է, սակայն դա չի խանգարում նրան հաջողությունների հասնել իր աշխատանքում:
Անհրաժեշտ է հասկանալ, որ եթե ուզում եք հաջողության հասնել ինչ-որ ոլորտում, պետք է ուղղակի նվիրվածությամբ աշխատել և ժամանակ ու ուշադրություն տրամադրել` զարգանալու և սովորելու համար, և դուք հաջողության կհասնեք, նույնիսկ եթե մասնագիտությունն այնքան էլ չեք սիրում:

8. Մարդկանց հետ ունեցած մեր խնդիրները ոչ թե նրանց, այլ մեր մեղավորության արդյունքն են:

Հաճախ, երբ մենք խնդիրներ ենք ունենում մարդկանց հետ` ծնողների, ընկերների, եղբոր կամ քրոջ և այլն, դրանք այնքան էլ նրանց հետ կապ չունեն: Քանի որ շատ խնդիրներ, որոնք մենք կարծում ենք, թե ունենք նրանց հետ, իրական չեն, այլ մեր ենթագիտակցության արդյունքը: Միգուցե նրանք անցյալում ինչ-որ բան են արել, որն ազդել է մեզ վրա, իսկ մենք պաշտպանված չենք եղել, կամ միգուցե նրանք ինչ-որ բան այնպես չեն արել, ինչպես մենք սպասել ենք նրանցից: Ինչևէ, այս ամենը ոչ այնքան նրանց, այլ հենց մեզ հետ է կապված, մեր ընկալման հետ:
Եվ սա շատ ավելի լավ է, քանի որ մենք ենք մեր որոշումների տերը: Մենք կարող ենք ընտրել` անցյալում կատարված տհաճ հիշողությունները պահել մեր մտքում կամ բացել մեր միտքը ավելի դրական իրականությունը ընկալելու համար, որը մեր շուրջն է:
Միակ բանը, որ մեզնից պահանջվում է, դա մեր պատրաստակամությունն է երևույթներին այլ տեսանկյունից նայել: Մենք պետք է մոռանանք, թե ինչ է եղել կամ ինչպես կարող էր լինել, և կենտրոնանանք նրա վրա, թե ինչ կա, և ինչ կարող է լինել:

9. Հուզված վիճակում ընդունված որոշումները հազվադեպ են ճիշտ լինում:

Հուզված վիճակում երբեք չպետք է որոշումներ կայացնենք, քանի որ դրանք ոչ թե սառը դատողությամբ ընդունված, այլ պահի ազդեցության տակ ընդունված, չմտածված որոշումներ են:
Երբեք թույլ մի տվեք, որ ձեր զգացմունքները խաբեն ձեր դատողությանը: Փորձեք սթափվել և ավելի ուշադիր մտածել մինչ կարևոր որոշում ընդունելը:

10. Դուք երբեք 100% պատրաստ չեք լինի, երբ հնարավորություն ընձեռնվի ձեզ կարևոր որոշում կայացնել:

Շատ խելացի մարդիկ երբեմն համառորեն չեն ընդունում իրենց հանդիպած հնարավորությունը միայն նրա համար, որ կարծում են, թե պատրաստ չեն: Այլ կերպ ասած` նրանք կարծում են, թե չունեն հավելյալ գիտելիքներ, կարողություններ, փորձ և այլն, որն էլ նրանց հետ է պահում օգտվելուց իրենց ընձեռնված հնարավորությունից: Ցավոք, այս տեսակ մտածելակերպը խանգարում է, խեղդում մարդկանց անձնական աճն ու զարգացումը:

Իրականում ոչ ոք էլ երբեք ամբողջովին պատրաստ չի լինում, երբ առիթը կամ հնարավորությունը ընձեռնվում է: Քանի որ հենց այս հնարավորություններն են, որ ապահովում են մեր անձնական աճը, մեզ ավելի ուժեղ դարձնում, թե՛ էմոցիոնալ առումով, թե՛ փորձառության ու գիտելիքների: Դրանք են, որ ստիպում են մեզ դուրս գալ մեր հարմարավետության գոտուց, որը նշանակում է, որ սկզբում մենք այնքան էլ լավ կարող է մեզ չզգանք և հետևաբար, երբ հարմարավետ չենք զգում, մենք արդարանում ենք, թե պատրաստ չենք: 

Հ.Գ. Հիշեք, որ կյանքում անձնական աճի ու զարգացման հնարավորություններ շատ կընձեռնվեն, և Ձեր կյանքում դրական փոփոխություններ ունենալու համար հարկավոր է ուղղակի համարձակ լինել, օգտվել դրանցից: 

Նույն շարքից