Հոգեբանի անկյուն 

Ներքին ձայնն ու ինքնահսկողությունը

analitik.am

Ինքն իր հետ խոսելն այնքան էլ վատ սովորություն չի, հատկապես, եթե դա ինքնահսկողությանն է վերաբերվում:

Տորոնտոյի Սկարբորո համալսարանում կատարված նոր հետազոտությունը, որի արդյունքները հրատարակվել են "Acta Psychologica" ամսագրի վերջին համարում, ցույց են տալիս, որ ներքին ձայնի օգտագործումը կարևոր դեր ունի իմպուլսիվ վարքագծի ղեկավարման մեջ:

«Մենք միշտ, ինքներս մեզ հաղորդագրություններ ենք ուղարկում՝ փորձելով վերահսկել մեր վարքագիծը: Մենք կարող ենք ինքներս մեզ խնդրել, որ վազենք, երբ արդեն հոգնած ենք, դադարեցնենք ուտելը, երբ դեռ մեծ ցանկություն ունենք ևս մի կտոր խմորեղեն փորձել, կամ էլ զսպել մեզ, երբ վեճի ժամանակ մեծ ցանկություն ունենք ինչ-որ մեկի վրա թափել մեր բարկությունը»,- ասում է հետազոտության առաջին հեղինակ, փիլիսոփայության դոկտոր Ալեքս Թալլեթը: 

Տորոնտոյի համալսարանի դոցենտներ Թալլեթը և Մայքլ Ինզլիխտը կամավորների հետ անց են կացրել մի շարք ինքնահսկողության թեստեր: Փորձերից մեկի ժամանակ մասնակիցները առաջադրանքը կատարում էին համակարգչի վրա: Համակարգչի էկրանին մի հատուկ սիմվոլի դեպքում նրանք պետք է սեղմեին ստեղնաշարի վրայի կոճակը, իսկ մի ուրիշ սիմվոլի դեպքում՝ ոչ: Այս թեստը չափում է ինքնահսկողությունը, որովհետև այն առաջադրանքները, որտեղ պետք էր սեղմել կոճակը զգալիորեն գերակշռում էին այն առաջադրանքներին որտեղ պետք էր չսեղմել, ինչը վեր էր ածում կոճակի սեղմումը իմպուլսիվ հակազդման:

Հետո հետազոտողները միջոցներ ձեռնարկեցին, որպեսզի թեստի ընթացքում մասնակիցները չօգտվեն «ներքին դիալոգի» հնարավորությունից, որպեսզի կարողանան գնահատել, թե ինչքանով է դա ազդել նրանց՝ առաջադրանքը կատարելու ունակության վրա: «Ներքին ձայնի» արգելափակման համար մասնակիցներին խնդրեցին թեստի ընթացքում անընդհատ կրկնել միևնույն բառը: Դա խոչընդոտեց թեստի անցկացման ընթացքում «ներքին դիալոգի» իրականացմանը:

«Մի շարք թեստերի արդյունքում մենք նկատեցինք, որ մարդիկ ավելի իմպուլսիվ վարքագիծ էին դրսևորում, երբ չէին կարողանում օգտվել իրենց ներքին ձայնից և «ներքին դիալոգի» հնարավորությունից առաջադրանքի կատարման ընթացքում»,- ասում է Ինզլիխտը: «Ի վիճակի չլինելով բառերով արտահայտելու իրենց ուղղված հաղորդագրությունները, նրանք չէին կարողանում հսկողություն իրականացնել:»

«Միշտ էլ հայտնի է եղել, որ մարդն իրնքն իր հետ ներքին դիալոգ է վարում, սակայն մինչ այսօր մենք չգիտեինք, թե ինչքան կարևոր է այդ դիալոգի դերը»,- ասում է Թալլեթը:

«Այս հետազոտությունը ցույց է տալիս, որ ինքն իր հետ ունեցած խոսակցությունը՝ «ներքին ձայնի» միջոցով, իրականում մեզ օգնում է վերահսկել մեզ և խոչընդոտում իմպուլսիվ որոշումներ ընդունելուն»:

Նույն շարքից