Ֆեյսբուք 

Սիրական Տիգրանյան` 1918-1919 թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարարը

Նկարում Ալեքսանդրապոլ քաղաքի Տիգրանյանների մեծ գերդաստանն է, որտեղ բոլորի հետ պատկերված են նաև հարազատ եղբայրներ Նիկողայոսը և Սիրականը: Նիկողայոսը (աջից նստած երկրորդը), որը մանուկ հասակում կորցրել էր տեսողությունը, հայ մշակույթի հայտնի երաժշտական գործիչ է եղել` երգահան և բանահավաք: Իսկ ահա ձախից նստած նրա հարազատ եղբոր` Սիրականի (նաև` առանձին պատկերում) անունն այսօր հանիրավի մոռացության է մատնված, մինչդեռ նա` 20-րդ դարասկզբի հայ ազգային և պետական ականավոր գործիչ է հանդիսացել:

Սիրական Թադևոսի Տիգրանյանը (1875-1947) ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նա սովորել է Թիֆլիսի արական գիմնազիայում, ավարտել Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը։ Բացի մայրենիից և ռուսերենից` կատարելապես տիրապետել է գերմաներենին և ֆրանսերենին: Տիգրանյանը Էջմիածնի հոգևոր ճեմարանում զբաղեցրել է իրավաբանական ու փիլիսոփայական գիտությունների դասախոսի պաշտոնը, միաժամանակ եղել Թիֆլիսի ճեմարանի տեսուչը։ 1907-ին նա Երևանի նահանգից ընտրվում է Ռուսասատանի 2-րդ Պետդումայի պատգամավոր: 1-ին աշխարհամարտի սկզբից Տիգրանյանը ակտիվ մասնակցություն է ունենում հայկական կամավորական ջոկատների ձևավորման գործընթացին և մասնակցում մարտական գործողություններին: 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի օրերին Սիրական Տիգրանյանը զբաղեցրել է Երևանի փոխնահանգապետի պաշտոնը` Արամ Մանուկյանի և Արշավիր Շահխաթունու հետ կազմակերպելով ռազմաճակատի թիկունքի աշխատանքները: Իսկ 1918-ի օգոստոսից` արդեն Հայաստանի առաջին պառլամենտի կրթության հանձնաժողովի նախագահն է դառնում:

1918-ի նոյեմբերից` մինչև 1919-ի ապրիլը Սիրական Տիգրանյանը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության արտաքին գործերի նախարարը` վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում: Հայաստանի համար դա եղել է դժվարին և բախտորոշ ժամանակահատված: Դեկտեմբերին Դրոյի գլխավորած հայկական զորամիավորումները, ճնշելով վրացական զորքերին Լոռիում` մոտեցել էին արդեն Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մատույցներին: Որպես արտգործնախարար` Տիգրանյանը իր մասով նույնպես դիվանագիտական որոշակի ջանքեր գործադրեց` հայ-վրացական ռազմական կոնֆլիկտի լուծումը հայանպաստ դարձնելու համար: Իսկ երբ 1919-ի հունվարին ադրբեջանական կառավարությունը որոշեց Լեռնային Ղարաբաղի նահանգապետ կարգել Խոսրով բեկ Սուլթանովին, Հայաստանի արտգործնախարարությունը` ի դեմս նախարար Սիրականյանի, անմիջապես արձագանքեց դրան և պաշտոնական բողոքի նոտա հղեց Բաքու, որում մասնավորապես նշվում էր. «Այդ ինչպես և որ իրավունքով է Ադրբեջանի ներկայացուցիչը նշանակվում անկախ Հայաստանի անբաժան մասը կազմող մարզի նահանգապետ»։

1919 թ. Սիրական Տիգրանյանը որոշ ժամանակ զբաղեցրել է նաև Հանրային կրթության և արվեստի նախարարի պաշտոնը, իսկ 1919-1920 թթ.` Հայաստանի նորընտիր խորհդարանի փոխնախագահն էր: Եղել է Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից և առաջին պրոֆեսորներից, գիտապատմական մի շարք աշխատությունների հեղինակ: Հայաստանի խորհրդայնացումից հետո շարունակում է որոշ ժամանակ աշխատել Երևանի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, հետո տեղափոխվում է Ալեքսանդրապոլ և դասավանդում տեղի դպրոցներում: Մարդ, որն իր ողջ կյանքն ու կարողությունները նվիրաբերեց իր հայրենիքին` Հայաստանին, 1938 թվին ձերբակալվեց, անհիմն բռնադատվեց` որպես «հայ ազգայնական վտանգավոր տարր» և մահացավ անհայտության մեջ` հեռավոր սիբիրյան աքսորում։

12743659_937220443059155_1452778810036890497_n

Նույն շարքից