1880-ականների այս լուսանկարում պատկերված են Ներսես Թաիրյանը և իր կինը` Ջավահիրը: Ինչպես հայտնի է, Ներսես Թաիրյանը Երևանում կոնյակի արտադրության հիմնադիրն է եղել (1887 թ.): Վերջին օրերին շատ էր քննարկվում այն հարցը, որ Երևանի կենտրոնում վտանգված է և կարող է քանդվել մի պատմական թաղամաս` Աբովյանի, Պուշկինի փողոցների և Սախարովի հրապարակի հատվածում: Այդտեղ, Պուշկինի փողոցի վրա գտնվող «Դոլմամա» ռեստորանից դեպի աջ գտնվող մի տանը` մինչ հիմա պահպանված է նկուղ, որտեղ 19-րդ դարավերջին գինու պատրաստման արտադրամաս է եղել: Կան պատմական վկայություններ, որ այն պատկանել է հենց Ներսես Թաիրյանին:
Եվ ահա «Առավոտ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը հաստատեց այդ կարևոր փաստը: Պարզվում է, որ Ներսես Թաիրյանը մի քանի տուն է ունեցել Երևանում, իսկ ահա այս տունը նա գնել էր 1880-ականների վերջին: Ինչպես նշում է Ավագ Հարությունյանը. «Կոնկրետ այս տունը, որ գտնվում է «Դոլմամայի» հարևանությամբ, առանձնանում էր մյուսներից նրանով, որ շատ գեղեցիկ նկուղ և հնձան ուներ: Թայիրյանն ապրում էր այդ տանը, թեև գինի չէր պատրաստվում այդտեղ, որովհետեւ գործարանում էր պատրաստվում, ուղղակի դա գեղեցիկ սիմվոլիկա էր: Այժմ այդ նկուղը պահպանված է: Մենք մտածում էինք դիմել կառավարություն, որ այն հանկարծ չքանդվի»:
Ի դեպ, «Դոլմամայից» ձախ ընկած հատվածում, Պուշկինի և Աբովյան փողոցների անկյունը, կանգուն է 1870-ականներին կառուցված մեկ այլ շինություն` վաճառական Գրիգոր Ամիրյանի տունը, որտեղ 1910-1911 թթ. գործել է աչքի հիվանդանոց, իսկ 1911-1915 թթ.` բժիշկ Հ. Հովհաննիսյանի մասնավոր բուժարանն է եղել։ Հավելենք նաև, որ Սախարովի հրապարակի վրա է գտնվում հայտնի Հրշեջների շենքը, որը կառուցվել է 1930-ականներին` Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով: Վերջապես պետք է գիտակցել, որ այն ամենը, ինչ ստեղծվել, կառուցվել, արարվել է հայ աշխատավորի ձեռքերով` լինեն դա պարսկական, ռուսական թե սովետական ժամանակաշրջանները, այդ ամենն անհրաժեշտ է պահպանել, վերակառուցել և որպես պատմական հիշողություն փոխանցել գալիք սերունդերին: