«Մեր տեղեկություններով կռիվ է ընկել Հայ հեղափոխական դաշնակցության հայաստանյան և արտասահմանյան կառույցների միջև։ Հատկապես ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կառույցները սուր տարաձայնության ունեն, ինչի պատճառը Հայաստանում ՀՅԴ-ի և իշխանությունների առաջիկա համագործակցությունն է։ Մեզ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի դաշնակցականները կտրուկ դեմ են այդ համագործակցությանն ու ընդհանրապես ՀՀ իշխանություններին և գրեթե դադարեցրել են Հայաստանի կառույցի ֆինանսավորումը։ Մինչդեռ Ֆրանսիայի կառույցն ու հատկապես այդ կառույցի կարկառուն անդամ Մուրադ Փափազյանը կողմ են համագործակցությանը։ Ընդ որում, Ֆրանսիայում ոչ բոլորն են համամիտ Փափազյանի հետ, Հայաստանի դաշնակցականների քայլերը պաշտպանում են հիմնականում ավագ սերնդի ներկայացուցիչները, երիտասարդները դեմ են ոչ միայն ՀՀ դաշնակցականների այդ քայլերին, այլև սուր տարաձայնություն ունեն Ֆրանսիայի ՀՅԴ բուն կառույցի հետ։
Ի դեպ, սպասվում է, որ այս շաբաթ ի վերջո կհայտարարվի ՀՀԿ– ի և ՀՅԴ-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման մասին։ Այս երկու ուժերն այլևս չհամաձայնեցված հարցեր կարծես թե չունեն։ Մնում է, որ դաշնակցությունը հարթի իր ներսի խնդիրները։
Հիշեցնենք, որ ՀՅԴ-ում խնդիր կա նաև խորհրդարանում Արծվիկ Մինասյանի տեղը զբաղեցնող անձի հետ։ Հաջորդը, որը պետք է էկոնոմիկայի ապագա նախարար Արծվիկ Մինասյանի փոխարեն Աժ մտնի դաշնակցության համամասնական ցուցակով, գործարար Կարեն Շախմուրադյանն է «Կարկոմավտո» ընկերության սեփականատերերից մեկը։ Բայց ՀՅԴ ղեկավար կազմը ցանկանում է Աժ բերել նախկին պատգամավոր Ռուզան Առաքելյանին, իսկ Շախմուրադյանն իր տեղը զիջելու ցանկություն չունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։