Հոգեբանի անկյուն 

Պատվաստումներից հրաժարումը զուտ հոգեբանական խնդիր է. հոգեբան

analitik.am

Պատվաստումներից հրաժարումը զուտ հոգեբանական խնդիր է, եւ այն կապված է մայրերի պաշտպանական մեխանիզմի հետ։ Այսպիսի կարծիք հայտնեց ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը հոգեբան Լաուրա Ավետիսյանը։

«Հայ մայրերի մոտ, եւ առհասարակ մայրերի մոտ շատ ուժեղ է զարգացած երեխային պաշտպանելու մեխանիզմը, եւ երբեմն այդ պաշտպանական մեխանիզմը ոչ թե օգնում է, այլ՝ խանգարում։ Մայրերը սկսում են ամեն հասարակ բանից պաշտպանել երեխային, եւ սա հակառակ արդյունք է տալիս», - ասաց նա։

Խոսելով այն բանի մասին, թե որտեղից է առաջանում մայրերի թերահավատությունը պատվաստումների հարցում, եւ որ անգամ մի բացասական դեպք կարող է այստեղ որոշիչ լինել, նա նշեց, որ մի դեպքը չի կարելի ընդհանրացել։

«Եթե կա մի բացասական դեպք, այն չի կարելի ընդհանրացնել եւ տարածել բոլորի վրա, որովհետեւ կան հազարավոր դեպքեր, որոնք դրական արդյունք ունեն, ու բացարձակ ոչ մի խնդիր հետագայում չի առաջանում։ Մի դեպքի վրա հիմնվելով, չի կարելի որոշում կայացնել պատվաստումից հրաժարվելու վերաբերյալ», - ասաց նա, հավելելով, որ խնդիրը հասարակության ոչ լավ տեղեկացված լինելն է, եւ բժիշկները պետք է կարողանան ճիշտ աշխատել ծնողների հետ, եւ բացատրել երեխային չպատվաստելու հնարավոր վատ հետեւանքները եւ պատվաստելու առավելությունները, որպեսզի ծնողը կարողանա ճիշտ կողմնորոշվել։

Հոգեբանը նշեց, որ անընդհատ միայն պատվաստումների դրական կողմերի մասին խոսելը մարդկանց մոտ բնական բացասական ռեակցիա է  առաջացնում, եւ ուժեղացնում է պաշտպանական մեխանիզմը։

 «Կարծում եմ հարցն այն է, որ միայն դրականը պետք չէ անընդհատ շեշտել ու նշել։ Մարդը պետք է շատ լավ տեղեկացված լինի պատվաստումների թե՛ դրական ազդեցության մասին, թե՛ բացասական։  Եթե ծնողը ծանոթ լինի թե՛ չպատվաստելու հետեւանքներին, թե՛ պատվաստելու հնարավոր ռեակցիաներին, թե՛ դրա դրական արդյունքներին, նա կարող է ավելի հեշտ որոշում կայացնել, քան երբ նրան պարտադրում են։ Մարդը չի սիրում երբ իրեն ինչ-որ բան պարտադրում են», - ասաց հոգեբանը, հավելելով, որ ծնողը ունի ազատ ընտրության իրավունք, ու ոչ ոք չի կարող նրան ստիպել։ Մասնագետները ուղղակի կարող են նրան տեղեկացնել հետեւանքների մասին։

Նույն շարքից