Հոգեբանի անկյուն 

Հոգեկան ճնշվածություն

analitik.am

Մարդու հոգեկան ոչ մի դրսեւորում առանց պատճառի չի լինում: Հոգեկան ճնշվածություն, ինչ-որ բանի վրա կենտրոնանալու անընդունակություն, ուժ ու եռանդի բացակայություն, այս ամենը վկայում է այն մասին, որ որաշակիորեն արտահայտված դեպրեսիա կա: Եթե ունեք տրամադրության անկում դա էլ իր պատճառներն ունի: Շատ դեպքերում այդ պատճառները Ձեզ հայտնի չեն, փակ են Ձեզ համար: Երբեմն մարդիկ ասում են` ո՞վ ինձ ավելի լավ գիտի, քան ես, ո՞վ է ինձ ավելի լավ ճանաչում, քան ես, այս արտահայտություններն այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:

 

Պարզվում է՝ մարդն իր մասին ամեն ինչ չէ, որ գիտի: Շատ հոգեբանական բովանդակություններ կան` ցանկություններ, պահանջմունքներ, որոնք մարդու գիտակցականից դուրս են: Բայց միաժամանակ դրանք դրսեւորվում են նրա վարքում, դառնում վարքի պատճառ:

 

«Այստեղ հետաքրքիր բան է կատարվում: Մենք չգիտենք մեր վարքի պատճառները, բայց վարքը դրսեւորում ենք, փնտրում ենք ինչ-որ պատճառներ: Պատճառներ, իհարկե, գտնում ենք, բայց դրանք միշտ չէ, որ լինում են իրական եւ ճիշտ: Օրինակ՝ դուք ունեք տրամադրության անկում, բայց թե ինչու է այդպես, պատճառները չեն երեւում: Բայց կա անորոշ տագնապ: Դա եւս ձեր ճնշվածությանն ուղեկցող հոգեվիճակ է»,-նշում է ՀՊՄՀ հոգեբանության ամբիոնի դասախոս Մանե Հակոբյանը:

 

Ըստ նրա՝ որպես կանոն, մեր բոլոր արարքները լիցքավորվում են մեր ցանկություններից: Մեր ցանկությունը հուզական լիցք է տալիս մեր գործողություններին: Դրանք հասնում են իրենց տրամաբանական ավարտին եւ այդ լիցքաթափումը տեղի է ունենում: Դուք գուցե պետք է մտածեք, որ այդ մտադրությունները ձեր իսկական ցանկությունները չե՞ն, այլ փոխարինող ցանկություններ են, որոնք թաքցնում են ձեր իրական ցանկությունները, այն, ինչ դուք իսկապես ուզում եք անել: Այդ իմաստով հոգեբանական մեխանիզմը գործում է հետեւյալ կերպ` այն, ինչը ձեր իրական ցանկությունն է, ձեր հոգուց է բխում եւ էներգտիկ մեծ լիցք ունի, դուք արտամղում եք, չեք գիատկցում:



Եվ այդ ամբողջ ցանկությունն ու լիցքը մնում է ձեր ներսում, որն առաջացնում է տրամադրության անկում, տագնապ, ճնշվածություն: Սրա փոխարեն ձեր գիտակցության մեջ ուրիշ նպատակներ ու ցանկություններ եք դնում, այս դեպքում մի քիչ կեղծ, որոնք ձեր էությունից հուզական լիցք չեն ստանում:
«Քանի որ մեր արարքները միայն միտք, գաղափար չեն, նաեւ այդ էներգետիկ լիցքն են, որ թույլ է տալիս մեր մկաններին գործել, մեր մարմնին շարժվել, ակտիվություն ցուցաբերել: Հետեւաբար ձեր այդ մի քիչ կեղծ ցանկությունները, որոնք ձեր օրգանիզմի համար այնքան էլ կարեւոր չեն, լիցք չեն ստանում»,- պարզաբանում է հոգեբանը:

 

Ստացվում է այնպես, որ շատ բան ենք նպատատակադրում, բայց ավարտին չենք հասցնում: Մի բան ակնհայտ է` մեր մեջ կան թաքնված ցանկություններ: Տվեք Ձեզ հարց եւ անկեղծ եղեք ձեզ հետ: Այդ դեպքում կհասկանաք, թե ինչ եք ուզում, ինչն է ձեզ արգելակում:

 

Զանի Հարոյան

Նույն շարքից