Հոգեբանի անկյուն 

Սթրեսի ազդեցությունը գլխացավի վրա

analitik.am

Հիվանդները, ում հաջողվում է նվազեցնել սթրեսի մակարդակը, կարող են վերջնական արդյունքում մեծացնել գլխացավի նոպաների վտանգը, ցույց է տվել նոր ամերիկյան հետազոտությունը՝  Նյու Յորքի  Montefiore գլխացավի կենտրոնի տնօրեն եւ Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի փոխքարտուղար Ռիչարդ Լիպտոնի ղեկավարությամբ: Հետազոտողների հոդվածը տպագրվել է Neurology ամսագրում:

Թեպետ սթրեսը երկար ժամանակ համարվում էր գլխացավերի պատճառ, նոր հետազոտությունը հայտնաբերել է, որ սթրեսի մակարդակի նվազումը ինքնին կարող է գլխացավերի առաջացման վտանգի մեծացման պատճառ հանդիսանալ, հաղորդում է Newmax Health-ը:

Հետազոտողներն ասում են, որ սթրեսի մակարդակի իջեցումից հետո, առաջիկա 6 ժամերի ընթացքում գլխացավերի առաջացման հավանականությունը 5 անգամ մեծանում է:

Լիպտոնը եւ իր գործընկերները ենթադրում են, որ հնարավոր է, պատճառը սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակի բարձրացման եւ իջեցման մեջ է, որը եւ բերում է վտանգի մեծացման այն բանից հետո, երբ սթրեսը քչանում է:

Իրենց գիտական աշխատանքի համար Լիպտոնը եւ իր գործընկերները ուսումնասիրել են 17 գլխացավով հիվանդի գրառումներ, որոնք 3 ամիսների ընթացքում հատուկ օրագրում լրացրել են տվյալներ սթրեսի մակարդակի եւ այն նվազեցնելու փորձերի, քնի գրաֆիկի, սնման եւ էմոցիոնալ վիճակի մասին:

Չնայած այն բանին, որ հետազոտությամբ հայտնաբերվել է կապ սթրեսի մակարդակի իջեցման եւ գլխացավերի միջեւ, դա դեռեւս չի ապացուցում պատճառահետեւանքային կապը:

Նույն շարքից