Մամուլի տեսություն 

«Թող գան, իմ մոտ 50 հազար դրամ է վարձավճարը». Աղաբաբյանը՝ «Մալաթիայի» առևտրականներին. «Ժամանակ»

Երեկ «Մալաթիա» տոնավաճառում ցույցի ելած առևտրականները, որոնք նաև փակել էին տոնավաճառին կից Րաֆֆու փողոցը ու պահանջում էին իջեցնել վարձավճարները, գրեթե բացասական պատասխան ստացան տոնավաճառի սեփականատեր Սամվել Ավետիսյանից:

Վերջինս առևտրականներին առաջարկեց հեռանալ «Մալաթիա» տոնավաճառից, եթե իր առաջարկած պայմանները չեն բավարարում իրենց:  Նշենք, որ բողոքի ելած տոնավաճառի աշխատակիցները պահանջում էին 80 հազար դրամ սահմանել միջին վարձավճարը՝ ներկա 160 հազարի փոխարեն, քանի որ առևտուր չկա, ու իրենք չեն կարողանում աշխատել: Բարկացած որոշ աշխատակիցներ առաջակեցին գնալ «Հրազդան» տոնավաճառ:

«Ժամանակին «Մալաթիան» առաջարկել է արտակարգ պայմաններ, հիմա էլ ես եմ առաջարկում արտակարգ պայմաններ, կգան՝ կգան, իրանց խնդիրն ա, ես ոչ իրավունք ունեմ, ոչ էլ ինձ թույլ կտամ, որ ասեմ՝ եկեք իմ մոտ: Պայմաններ գոյություն ունեն, եթե էդ պայմաններն իրանց ձեռք են տալիս, թող իրենք գան»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է «Հրազդան» տոնավաճառի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանը՝ շարունակելով. «Մեր մոտ 80 հազար, 60 հազար չի, մեր մոտ 50 հազար է վարձավճարը»:

Աղաբաբյանի խոսքով՝ առևտրով զբաղվողների բողոքի պատճառն այն է, որ տոնավաճառներում առևտուրը շատ նվազել է, «որովհետև բացվեցին գիգանտներ և սուպերմարկետներ, մոլեր, տոնավաճառներից առևտուրը գնալով պակասում է»: Թերթի հարցին, թե ինչպե՞ս է, որ ինքը 50 հազար դրամ վարձավճար է սահմանել, իսկ «Մալաթիայի» սեփականատեր Սամվել Ավետիսյանն ասում է՝ չի կարող իջեցնել վարձավճարները, Աղաբաբյանը պատասխանեց. «Էդ արդեն իրան հարցրեք, ինձ մի հարցրեք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից