Մամուլի տեսություն 

Կկայանա՞ արդյոք հայ-վրացական օդային դաշինքը. «168 ժամ»

2015թ. դեկտեմբերի 18-ին Հայաստանում գրանցված «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊ ընկերությունն արդեն հայտարարում է ապրիլին նախատեսվող թռիքների ու ավիատոմսերի անհավանական էժան գների մասին: Որպես «Արմենիայի» հիմնադիրներ, հիշեցնենք, ՀՀ պետռեգիստրում նշված են ՀՀ քաղաքացի Աշոտ Թորոսյանի եւ Վրաստանի քաղաքացի Ռոբերտ Օգանեսյանի անունները, սակայն ընկերության սեփականատերը վրացի օլիգարխ Թամազ Գաիաշվիլին է: Հենց նա էլ հայտարարել է, թե «Արմենիան» 49 դոլարով չվերթներ կիրականացնի Երեւանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ «Նման գնով կարող են թռչել նրանք, ովքեր նախօրոք` մեկ կամ երկու ամիս առաջ, տոմսեր կպատվիրեն»,- նշել է Գաիաշվիլին:

Ավիաընկերությունը մոտ 10 օր առաջ է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ստացել օդանավ շահագործողի վկայական, դիմել էր նաեւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ կանոնավոր ուղաեւորափոխադրումների իրականացման թույլտվություն ստանալու համար, սակայն ինչ-ինչ խնդիրների պատճառով հարցը դեռ ձգձգվում է:

168.am-ը ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանից հետաքրքրվեց, թե արդյոք շուտ չէ՞ առանց լիցենզիա ստանալու՝ ապրիլին թռիչքների ու գների մասին հայտարարելը: «Շուտ չէ, իրենց նպատակների, իրենց ծրագրերի մասին են խոսում»,- պատասխանեց Ա.Մովսեսյանը:

Փորձեցինք ավիաընկերության տնօրեն Ռոբերտ Օգանեսյանից ճշտել, թե ինչո՞ւ են շտապում ավիատոմսերի գների մասին հայտարարել, սակայն զբաղվածության պատճառով նա մեզ խոստացավ առաջիկայում մեկնաբանություն տալ: Ի դեպ, ըստ ոլորտի մասնագետների՝ ավիաընկերության գործունեության հեռանկարի մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ գոնե արդեն տոմսերի վաճառք է իրականացվում, իսկ «Արմենիան» առայժմ միայն հայտարարություններ է անում, տոմսերի վաճառք չկա:

ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում տարակուսեց այս աժիոտաժի կապակցությամբ եւ կասկածներ հայտնեց հերթական ազգային ավիափոխադրողի ստեղծման վերաբերյալ:

«Ինձ թվում է՝ դա հերթական ավանտյուրան է: Նման խոսակցություններ մի քանի ամիս առաջ էլ եղան, մեկ՝ «Էյր Արմենիան» է հայտարարում, որ շուտով վերսկսելու է թռիչքները, հայտնվել էին «Դվին Ավիա» կամ այլ անունով «ավիաներ» եւ հայտարարում էին, որ սկսելու են թռնել: Ճիշտն ասած՝ մի քիչ դժվար է հասկանալ, թե սա ինչ է նշանակում»:

Ըստ նրա՝ Հայաստանում վառելիքի եւ օդանավակայանի սպասարկման գները կրկնակի թանկ են՝ Թբիլիսիի կամ Քութաիսի օդանավակայանների համեմատ, եւ նման պայմաններում ընկերությունը չի կարողանա թռիչքներ իրականացնել: Շ.Պետրոսյանը քիչ հավանական համարեց, որ նրանք կարող են ՀՀ իշխանության հետ պայմանավորվածություն ունենալ, որ սեփական վառելիքը պետք է բերեն Վրաստանից, քանի որ մեզ մոտ բոլոր, այդ թվում՝ ավիավառելիքի ներկրման ոլորտում, մենաշնորհներ են:

«Աստված տա՝ կայանան, մեր ժողովրդին օգուտ է դա, եթե 50 դոլարով Եվրոպա են թռնելու, բայց ես մի քիչ կասկածում եմ»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք տեսականորեն հնարավո՞ր է, որ դեպի Եվրոպա չվերթի գինը 50 դոլար լինի, Շ.Պետրոսյանը պատասխանեց, որ ավիատոմսերը տարբեր կարգի են լինում, կարող է մի քանի հատ 50 դոլարով վաճառեն, մնացածը,ասենք, 300 դոլարով:

Նույն շարքից