Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի և նրա ընտանիքի մասին վերջին տեղեկությունը մամուլում հայտնվել է թերևս նախորդ տարվա աշնանը՝ կապված նրա մոր վրաերթի ենթարկվելու փաստի հետ: Ապրու՞մ է այդ ընտանիքը , ինչո՞վ է զբաղվում , շուրջ 5 ամիս է՝ այդ մասին ոչ մի տեղեկություն: Մարտիրոսյանի ընտանիքի մասին որևէ տեղեկություն չունի անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը Ադրբեջանում աշխատակիցներ ունի՝ լիազորված գերիների և նրանց հարազատների միջև կապ հաստատելու մանդատով:
Կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին «Հայկական ժամանակ»-ին ասել է, թե չի կարող հաստատել ոչ նրանց գոյության փաստը, ոչ էլ որևէ տեղեկություն հայտնել: «Վահան Մարտիրոսյանը ոչ ռազմագերի է, ոչ էլ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիական անձ: Կարմիր խաչը նրա հետ կապված տեղեկություններ կարող է ունենալ միայն իր դիմումի համաձայն, եթե ցանկանա կապ հաստատել Հայաստանում գտնվող հարազատների հետ»,- ասել է Ամատունին: