Ֆոբիաները հաճախ հանդիպող հոգեբանական երեւույթներ են: Դրանք սևեռուն կամ ինքնաբերական վախեր են որոշակի երեւույթներից: Պատճառները կարող են լինել վաղ մանկական տարիքում որոշակի հոգեբանական տրավմաները, որոնք հետագայում լրջորեն խանգարում են անձի սոցիալ-հոգեբանական առողջ եւ ստեղծագործական հարմարմանը:
Ֆոբիաների սկզբնաղբյուրը պետք է փնտրել մանկական հիշողություններում, երբ գտնեք պատճառը, ապա սևեռուն վախը կդառնա ավելի սովորական: Իսկ պատճառները կարելի է գտնել զրուցելով ծնողների կամ այն մոտիկ հարազատների հետ, ովքեր մանկության ընթացքում ուղեկցել են իրենց հոգատարությամբ եւ ունեն հիշողության մեծ պաշար Ձեր մանկությունից:
Քննարկեք Ձեր մանկական նախասիրությունները, մանկական վախերը, վարքը, ի՞նչն էր Ձեզ հաճելի, ի՞նչն էր Ձեզ ավելի տհաճություն պատճառում, արդյոք ունեցե՞լ եք մանկական սևեռուն կամ կպչուն մտքեր, հաճա՞խ էիք լինում բնության գրկում, սիրո՞ւմ էիք կենդանիներին, եւ, ամենակարեւորը, Դուք սոցիալականացվա՞ծ մանկիկ էիք, հե՞շտ էր ստացվում շփումը շրջապատի հետ: Կատարելով այդ փոքրիկ ճանապարհորդությունը մանկության հուշերում՝ Դուք ոչ միայն կգտնեք պատճառը, այլեւ կկարողանաք դրական լիցքեր եւ հույզեր ստանալ Ձեր մանկական աշխարհից, որը Ձեզ կօգնի իրականությունն ընկալել նորովի եւ թույլ չտալ տարբեր մանրուքների` վնասելու Ձեր աշխարհը:
Զանի Հարոյան