Համի արհեստական ուժեղացուցիչները շատակերություն են առաջացնում: Դրան ավելանում է նաև բարձր կալորիականությունը, ընդ որում, վնասակար դառնում են օգտակար մթերքները, օրինակ յոգուրտը:
Նախկինում քաղցր սննդամթերքներից մարդկանց ռացիոնում էին մեղրը, մրգերն ու կրծքի կաթը: Բժիշկ Դեյվիդ Կացի խոսքերով՝ ժամանակակից աշխարհում շատ դժվար է ճիշտ սնվել, սննդի արտադրությունը փոխել է ամեն ինչ, նշում է The Sydney Morning Herald-ը:
Մարդկային օրգանիզմը ծրագրավորված է աղ և շաքար փնտրելու համար: Նախկինում նման մթերքներ դժվար էր գտնել, բայց դրանք չափազանց կարևոր են գոյատևելու համար: Եվ սննդի արտադրությամբ զբաղվողները օգտվում են դրանից: Բարեբախտաբար շատ քաղցր և շատ աղի մթերքներից կախվածությունը բուժելի է: Միայն պետք է փոխել համային ռեցեպտորների վիճակը, որպեսզի օրգանիզմը «սիրի» բնական համերը, որոնք յուրահատուկ են օգտակար մթերքներին:
Պետք է սկսել աղի և շաքարի օգտագործումը սահմանափակելուց, աստիճանաբար սննդակարգից բացառելով վերամշակված մթերքների օգտագործումը: Եթե նույնիսկ չեք դիմանում պաստա ուտելու ցանկությանը, ապա գոնե այն տանը պատրաստեք, այլ ոչ թե գնեք պատրաստի վիճակում:
Միևնույն ժամանակ պետք է հիշել տերմինները,որոնց տակ թաքնվում է շաքարը՝ սախարոզա, ֆրուկտոզա, մալթոզա, լակտոզա և այլն: Աստիճանաբար համային ռեցեպտորները ադապտացվում են և օրգանիզմը ավելի քիչ կարիք է ունենում շաքարի, աղի և ճարպերի:
Ընդհանուր առմամբ այդ պահանջը կարելի է նաև զսպել՝ ընդամենը մի քանի րոպե և վերջ: Եթե, վերջիվերջո զսպել չի ստացվում, ապա կարելի է ուտել շատ քիչ քանակությամբ, որը համոզված եղեք օրգանիզմի համար արդեն բավական է: