Ֆեյսբուքի օգտատերերից Մխիթար Հայրապետյանն ու Վահան Կոստանյանը սոցիալական կայքում ստեղծած հատուկ իրադարձության միջոցով Հայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին խնդրում են իրականացնել 13-ամյա Կառլենի երազանքը, ով լուրջ առողջական խնդիրներ ունի և երազում է հանդիպել Մխիթարյանի հետ:
Ֆեյսուքյան՝ «Երազանքի հանդիպում Հենրիխ Մխիթարյանի հետ» իրադարձության կազմակերպիչները մասնավորապես գրում են.
«Այն հարցին, թե ինչ երազանք ունի Կառլենը, Թրիչեր Քոլինզի համախտանիշով տառապող փոքրիկն անմիջապես պատասխանեց. «Երազում եմ հանդիպել Հենրիխ Մխիթարյանին, նրա հետ ֆուտբոլ խաղալ»։
Թեև մենք որևէ բան չխոստացանք մեր կրտսեր ընկերոջն ու նրա ծնողներին՝ տարբեր հանգամանքներ հաշվի առնելով, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք փորձել, ինչու ոչ, իսկ գուցե ստացվի։ Մեզ հաջողվեց գտնել ֆուտբոլիստի մոր՝ տիկին Մարինայի հեռախոսահամարը, սակայն այդպես էլ չկարողացանք կապ հաստատել նրա հետ։ Հենրիխի ֆեյսբուքյան էջի ադմինիստրատորներին նամակ գրել չկարողացանք, դե իսկ էջում որևէ գրառում անելն անօգուտ է, քանի որ ամեն օր հազարավոր մարդիկ տարատեսակ գրառումներ են կատարում։
Արդյունքում ստացանք Կառլենի մոր՝ տիկին Աղավնու թույլտվությունն ու որոշեցինք հարցը հանրային դարձնել՝ փոքրիկի երազանքն իրականացնելու համար օգտագործելով համացանցը։ Ի դեպ, նման երազանք ունի ոչ միայն Կառլենը, վերջին օրերին առողջական խնդիրներ ունեցող շատ երեխաներ մեզ հետ զրույցում իրենց ցանկությունն են հայտնել տեսնել ֆուտբոլիստին;
Հաշվի առնելով այն փաստը, որ մարտի 25-ին Երևանում կայանալու է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը՝ պարզ է դառնում, որ Հենրիխ Մխիթարյանը շուտով վերադառնալու է հայրենիք։ Ուստի հույս ունենք, որ մեր ձայնը լսելի կդառնա Հենրիխի համար, որին խնդրում ենք Երևանում գտնվելու օրերին կես ժամ տրամադրել և իրականություն դարձնել Կառլենի և ընկերների երազանքը»: