Վերլուծական Տնտեսություն 

Արտարժույթով վարկեր գրավատան կողմից, թե՞ կոռուպցիոն ռիսկ

Ցանկացած երկրում, երբ սոցիալական պայմանները վատանում են, դրան զուգահեռ զարգանում են գրավատները, քանի որ դրանք միակ ֆինանսական կառույցներն են , որ շատ արագ սպառողական վարկեր են տրամադրում գրավի դիմաց: Գրավատների ֆինանսական վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական Բանկը, որը տարեց տարի խստացնում է վերջիններիս ներկայացվող պայմանները:

Կենտրոնական Բանկի կողմից գրավատներին ներկայացվող առաջնային պահանջներից մեկը միայն ՀՀ դրամով վարկերի տրամադրումն է՝ ցանկացած վարկ, որը գրավատունը կտրամադրի արտարժույթով կհանգեցնի ԿԲ-ի կողմից վերջինիս գործունեության համար տրված լիցենզիայի զրկմանը: Առերևույթ այս կանոնը պահպանվում և հսկվում է ամենազոր ԿԲ-ի կողմից:

Սակայն ինչպես պարզվեց այսօր այս ոլորտում էլ կան արտոնյալներ, որոնք ոչ միայն վարկը տրամադրում են արտարժույթով, այլ նույնիսկ տրամադրման ժամանակ փոխանակումներ էլ են անում և արդյունքում քաղաքացին վարկը դեռ չվերցրած, տոկոսներից բացի նաև կորցնում է մի կլորիկ գումար:

Օրերս Երևանյան սրճարաններից մեկում պատահաբար ներկա եղանք մի քաղաքացու մենախոսությանը, որը Աստաֆյանի նախկին սեփականատիրոջը պատկանող Թումանյան փողոցի սկզբնամասում գտնվող ՛՛Արս Էլիտ՛՛ գրավատանը վերջերս գրավադրել էր իր ավտոմեքենան: Քաղաքացու պատմությունն առավել քան հետաքրքիր էր. վերջինս գրավադրել էր իր Լեքսուս մակնիշի ավտոմեքենան և վերցրել մոտ 8000 ԱՄՆ դոլար, սակայն գրավատոմսը լրացվել էր ՀՀ դրամով, բայց սա դեռ ամենը չէ :

Գրավատանը նրան բացատրել էին , որ իրականում վարկը նրան տրամադրում են եվրոյով և որպեսզի ինքը ստանա ԱՄՆ դոլար, ապա եվրոն փոխանակման կետի առքի գնով պետք է փոխանակեն ՀՀ դրամի և դրանից հետո արդեն փոխանակման կետի վաճառքի գնով պետք է գնի ԱՄՆ դոլար , իսկ գրավատոմսը լրացնեն ՀՀ դրամով:

Ըստ այցելուի միայն այս փոխանակումների արդյունքում ինքը կորցրել է մոտ 220 ԱՄՆ դոլար: Երբ նա գնացել է վարկը մարելու և փորձել է մարել ՀՀ դրամով , նրան բացատրել են, որ պետք է վարկը մարի եվրոյով, որն էլ արդեն թանկացած է եղել: Երբ այցելուն փորձել է ընդվզել և հայտարարել է, թե կդիմի Կենտրոնական Բանկ, վերջինիս դեմքին ծիծաղել են ու հայտարարել , որ իրենք ԿԲ-ի հետ խնդիր չունեն, իրենց գործելաոճն արտոնված է նրանց կողմից և ինչքան ուզի և ում ուզի կարող է բողոքել:

Մենք ինչքան ուսումնասիրեցինք օրենսդրությունը, նման արտոնության իրավական հիմք չգտանք, ընդհակառակը, գտանք օրենսդրական արգելքը գրավատան կողմից արտարժույթով վարկերի տրամադրման համար: Եթե օրենսդրությունն այս կարգի շրջանցվում է և չի պատժվում, եթե առկա է կոռուպցիոն ռիսկ, որի մասին տեղյակ է գրեթե ամբողջ քաղաքը, ապա այն, եթե մինչ այժմ էլ աննկատ է մնացել ԿԲ-ի կողմից, հիմա արդեն կարելի է դրա դեմն առնել:

Նույն շարքից