Մամուլի տեսություն 

Կենտրոնական բանկը՝ օլիգարխների հենարան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը երեկ իր նիստում  որոշել է 0.25 տոկոսով  նվազեցնել  վերաֆինանսավորման  տոկոսադրույքը  և սահմանել է այն 8.25 տոկոս:  Ֆինանսատնտեսական  մասնագիտական  քննարկումներից հեռու  մեր ընթերցողին  այս իրադարձությունը  կթվա ոչ էական, իր հետ կապ չունեցող:  Իրականում, սակայն,  սա շատ էական, երկրի տնտեսության վրա ազդող, յուրաքանչյուր հայաստանցու  կենցաղին վերաբերող  իրադարձություն է:

Եվ ուրեմն, ինչ է նշանակում  ԿԲ խորհրդի  այդ որոշումը:  Դա նշանակում է, որ տնտեսվարողների տրամադրվում է  բիզնես վարկերի և քաղաքացիներին տրամադրվող  սպառողական  վարկերի  տոկոսադրույքը էականորեն չեն նվազի  և կշարունակեն  մնալ բարձր՝ չափազանց բարձր, աստղաբաշխականորեն բարձր:  Իսկ դա էլ իր հերթին  նշանակում է, որ տնտեսության «արյան շրջանառությունը»  կշարունակի մնալ ցածր, շատ ցածր:  Տնտեսվարողների թվի մեջ  իրենց քանակով  տասնորդական տոկոսներ  զբաղեցնող օլիգարխները  բիզնես վարելու  համար նոր  և երկարատև  վարկերի մեծ կարիք  չունեն,  նրանց շրջանառությունը  այնքան մեծ է, որ կարողանում են յոլա գնալ  առանց այդպիսի վարկերի:  Վարկերը անհրաժեշտ են  «փոքր», համապատասխան  «կռիշ» չունեցող, մի կերպ ծայրը  ծայրին հասցնող, տունտեղը գրավադրած տնտեսվարողներին: Վերջիններիս գործունեությունը  գրեթե ամբողջությամբ  կախված է այդ վարկերից:

Հարուստները, որոնք մեր բնակչության մոտ  երկու տոկոս են կազմում, տան համար հեռուստացույց, սառնարան, կահույք գնելու, երեխաների ուսման  վարձ տալու  ու բուժման ծախսեր հոգալու համար սպառողական վարկեր չեն վերցնում: Սպառողական վարկերի կարիք ունեն միջին և միջինից ցածր  եկամուտներ ունեցող  մեր քաղաքացիները, որոնք բնակչության մեծագույն մասն են կազմում:  Ու այս պարագայում  վարկերի տոկոսները  ուղղակի փշաքաղեցնող են»:

Նույն շարքից