Es Hay Em ֆեյսբուքյան օգտատերը գրում է.
Խոստմանս համաձայն՝ շարունակում եմ ներկայացնել ԱԺ պատգամավորների պատգամավորական ակտիվության նկարագիրը:
Այսօր կանդրադառնամ թիվ 4 ընտրատարածքից պատգամավոր ընտրված Արտակ Սարգսյանին («ՍԱՍ»-ի Արտակ):
Նա Ազգային ժողովի հերթական «աթոռ-պատգամավոր»-ներից է:
Պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում աշխատել ու օրինաստեղծ ակտիվ գործունեություն է ծավալել միայն նրա այն մատը, որով նա 16 անգամ կողմ է քվեարկել:
Նրա օրենսդրական կամ օրինաստեղծ գործունեությունն այսքանով ավարտվում է: Մյուս բոլոր ցուցանիշներով զրոյական վիճակ է:
Քանի որ նա «աթոռ-պատգամավոր»-ից բացի իր ուրույն տեղն ունի նաև «բիզնեսմեն-պատգամավոր»-ների շարքում և պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով՝ կարելի էր ենթադրել, որ իրեն վստահության քվե տված մարդկանց, գոնե ինչ որ մանր ու մեծ հարցեր լուծելով շնորհակալություն կհայտնի: Սակայն այս դեպքում էլ «զրոների» օրինաչափությունը չի խախտվում:
Մտածում եմ կարողԱ՞ որ ինքը գործարարԱ ու «գոլդությունների» սիրահար, դրա համար էլ ոչ մի բան չի անում, որ զրոների «գոլդությունը» չխախտվի:
Իսկ եթե լուրջ՝ ապա նրա «ձեռքը քարի տակ չէ» և ինչ որ լավ բան անելու ցանկության պարագայում՝ նա առանց որևէ մեծ ջանքերի բազմաթիվ կենսական նշանակության հարցեր կլուծեր իր ընտրատարածքի բնակչության համար:
Հատկանշական է այն, որ նախընտրական շրջանում «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո Երևանում բացվեց «ԱՐԱԲԿԻՐ» բարեգործական ուսուցման կենտրոնը, իսկ ընտրությունների ավարտից հետո «բարեգործություն»-ն ավարտվեց և կենտրոնի սենյակներն այժմ վարձով են տրվում:
Նա պարբերաբար հայտնվում է շախմատային մրցաշարերին և չնայած երբեք չի մոտենում շախմատային սեղաններին, երևի որովհետև շախմատ խաղալ չգիտի, բայց ակնհայտ երևում է, որ նա միջոցներ է հատկացնում կամ էլ նրան ստիպում են, որ միջոցներ հատկացնի այդ մրցաշարերի կազմակերպանը:
Իհարկե, թեև ըստ ՀՀ Սահմանադրության արգելվում է, որ բիզնեսմենը պատգամավոր լինի, կամ պատգամավորը բիզնեսմեն դառնա, բայց այսօր ՀՀ ԱԺ-ում կան պատգամավորներ, որոնց բիզնեսմեն լինելը ոչ միայն չի խանգարում նրանց պատգամավորական գործունեությանը՝ այլ նաև իրենք իրենց բիզնեսի կամ անձնական միջոցների հաշվին ավելի արդյունավետ են դարձնում իրենց պատգամավորական գործունեությունը կամ գոնե ՀՀ շարքային քաղաքացին՝ որոշ դեպքերում անգամ ԱԺ-ին մոտ կանգնած մարդիկ չեն նկատում նրանց բիզնեսմեն լինելու հանգամանքը:
Միանշանակորեն կարող եմ ասել, որ «ՍԱՍ»-ի Արտակն այդ պատգամավորների շարքին չի պատկանում և նրա պատգամավորության օգտակար գործողության գործակիցը դրական ցուցանիշի չի ձգտում:
Հ.Գ. Բնականաբար, այս դեպքում ևս ՀՀԿ-ի համար մեծ շռայլություն կլինի նրան ցուցակում ընդգրկելը: Վստահաբար կարելի է ասել, որ նրան ևս ապագա խորհրդարանում չենք տեսնելու: