«Իրատես»-ը գրում է. «Երկար տարիներ թատրոնում աշխատող դերասանների շրջանում լուռ ընդվզում կա: Պատճառը օրենսդրական դաշտի սխալ կարգավորումն է, ինչի հետևանքով արվեստ ստեղծող անհատներն աշխատում են հարկային դաշտում, իսկ ռեստորաններում օրական մի «փեշ» փող վաստակող, կլկլացնող երգիչ-երգչուհիները մեկ լումա անգամ չեն վճարում պետությանը»:
«Թատրոնից հեռուստատեսություն, սերիալ, անընդհատ վազք, աշխատավարձդ փող չէ, բայց նաև հարկատու ես: Ռաբիս երգողները ինչո՞ւ մի կոպեկ չեն տալիս, ֆոնոգրամայի տակ մի երգի համար հարյուրավոր դոլարները դնում են գրպանն ու գնում վայելելու»,-«Իրատեսի» հետ զրույցում նշել է թատրոնի դերասաններից մեկը:
«Այն որ ոլորտում լուրջ խնդիր կա, փաստ է, սակայն այնքան են թացն ու չորը խառնել իրար, որ շատ դժվար է հասկանալ՝ որ երգիչը կամ դերասանը պետք է հարկատու լինի: Երգիչների մի մասն էլ, ովքեր զբաղվում են դասական երաժշտությամբ, նույն թատրոնի դերասանների օրին է, կոպեկներ են ստանում մաքուր, անաղարտ երաժշտություն մատուցելու դիմաց»,-գրել է «Իրատես»:
Թերթն ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի այս խնդրի առնչությամբ:
«Ես ակումբներում երբեք չեմ աշխատել ու չգիտեմ, թե ինչ գումար են աշխատում: Օրինակ, իմ վերջին ձայներիզի թողարկման համար վճարել եմ հարկեր: Կան շատ մտահոգություններ այս ոլորտի հետ կապված, այդ թվում՝ հեղինակային իրավունքի»,-ասել է նա:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: